Վերադառնալ

Ucom-ը ներկայացնում է UPlay-ը՝ տալով ժամանցի նոր դարաշրջանի մեկնարկը

Ապրիլ 16, 2025

Շարունակելով թվային փոխակերպման իր ծրագրի իրականացումը՝ Ucom-ը հպարտությամբ հայտարարում է UPlay-ի՝ նորարարական հեռուստատեսային (TV) և մեդիա հարթակի գործարկման մասին, որը կվերափոխի ժամանցը Հայաստանում։

Այս նոր հարթակը մշակվել է MediaKind ընկերության հետ, որը գլոբալ առաջատար է մեդիա և հոսքային տեխնոլոգիաների ոլորտում։

UPlay նոր TV և մեդիա հարթակն ունի Ժամանակակից և պարզ ինտերֆեյս։ Մեկ օգտահաշվով կարելի է ծառայությունից միաժամանակ օգտվել մինչև 5 սարքով, ինչը հարմար է ամբողջ ընտանիքով տարբեր հաղորդումներ դիտելու համար։ Բացի այդ, հարթակի «Շարունակական դիտում» ֆունկցիան  թույլ է տալիս անցնել մեկ սարքից մյուսին՝ առանց դիտումն ընդհատելու։

Նոր OTT լուծման շնորհիվ, հարթակից կարելի է օգտվել նույնիսկ այն վայրերում, որտեղ հասանելի չէ Ucom-ի ֆիքսված ինտերնետ ցանցը։

Հեռուստացույցով ծառայությունից օգտվելու համար բաժանորդներին տրամադրվելու է Android Smart Box՝ պրեմիում դիզայնով, որը միացված հեռուստացույցը դարձնում է խելացի և տալիս է Netflix-ի և YouTube-ի ուղիղ հասանելիություն։

Բացի առաջարկվող ավելի քան 200 հեռուստաալիքներից, որոնք միավորված են թեմատիկ փաթեթներում, UPlay-ը ներառում է հայկական և միջազգային ֆիլմերի հարուստ տեսադարան։ Armflix-ի՝ հայկական ֆիլմերի հարթակի հետ բացառիկ համագործակցության շնորհիվ UPlay-ն աննախադեպ հասանելիություն է տրամադրում տեղական բովանդակությանը։

«Հայաստանը որդեգրել է թվային վերափոխման համապետական ռազմավարություն, և մենք խորապես համոզված ենք՝ դրա հաջողությունն անհնար է առանց մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածության։ Տեխնոլոգիական առաջընթացն այսօր այլևս միայն գործիք չէ այն միջավայր է, որտեղ ձևավորվում են կրթությունը, տնտեսությունը, մշակույթն ու հանրային ծառայությունները։ Թվային լուծումները վաղուց դուրս են եկել ոլորտային սահմաններից և արդեն ներգործում են մեր կյանքի գրեթե բոլոր կողմերի վրա։

Մենք, որպես պետություն, նպատակ ունենք խթանել այն միջավայրը, որտեղ թվային լուծումները դառնում են զանգվածային և հասանելի։ «Փոխակերպելով ապագան Ժամանցի թվային դարաշրջան» նախաձեռնությունը դրա վառ օրինակներից մեկն է։ Մենք ականատես ենք այն փուլին, երբ թվային տեխնոլոգիաները ոչ միայն համընթաց են ժամանակակից աշխարհի պահանջներին, այլ նաև ձևավորում են նոր չափանիշներ։ Այս հարթակի գործարկումը ոչ միայն տեխնոլոգիական առաջընթացի խորհրդանիշ է, այլև վստահ քայլ՝ Հայաստանը դիրքավորելու որպես առաջատար տարածաշրջանի թվային շուկայում։

Շնորհակալություն եմ հայտնում Ucom-ին՝ շարունակական ներդրումների, համաշխարհային առաջատար գործընկերների հետ համագործակցության և ոլորտի զարգացմանը համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար։ Սա ևս մեկ վկայություն է, որ միասին մենք կառուցում ենք այն Հայաստանը, որտեղ առաջադեմ տեխնոլոգիաները հասանելի են բոլորին՝ ապահովելով բարձր որակ, ազատություն և ճկունություն», - ասել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։

«UPlay-ն ավելին է, քան պարզապես հեռուստատեսային հարթակ՝ այն ժամանցի նոր չափանիշ է։ Մենք համատեղել ենք առաջադեմ տեխնոլոգիաներն օգտատերակենտրոն դիզայնի հետ՝ ստեղծելով բոլոր էկրանների համար մեկ ընդհանուր փորձառություն, որը մեր հաճախորդներին մատուցում է լավագույնը հեռուստատեսության և մեդիայի ոլորտում։ Մենք շատ ոգևորված ենք այս պրոդուկտով՝ այն հերթական կարևոր քայլն է թվային փոխակերպման մեր ճանապարհին։ Վստահ ենք, բաժանորդներն այն շատ բարձր կգնահատեն», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Այսօր Ucom-ի կյանքում նոր էջ է բացվում. Ucom-ը փոխակերպվում է հեռահաղորդակցության օպերատորից՝ տեխնոլոգիական առաջատար լուծումների մատակարարի: Սա մի քայլ առաջ է՝ սրտերը կրկին միավորելու, մշակույթը վերակենդանացնելու և վերաիմաստավորելու: Տարիներ շարունակ Ucom-ը եղել է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատարը։ Բայց մենք միշտ հավատացել ենք, որ մեր առաքելությունը միայն կապ ապահովելը չէ։ Մեր նպատակը մարդկանց միավորելն է՝  ինքնության, լեզվի, մշակույթի ու պատմության շուրջ։ Հենց այդ պատճառով է, որ հպարտությամբ հայտարարում ենք Ucom-ի նորագույն ձեռքբերման մասին` համաշխարհային մակարդակի OTT հարթակի, որը կհեռարձակի բարձրորակ հայկական բովանդակություն մեր բաժանորդներին, և կդառնա լավագույն թվային հաբը` հայերի համար ամբողջ աշխարհում»,- ասել է Ucom-ի տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը:

UPlay-ի հիմքում անհատականացումն է ծառայությունը թույլ է տալիս տարիքային սահմանափակումներ դնել, նաև հատուկ փաթեթներ ընտրել՝ կախված բաժանորդի ճաշակից ու հետաքրքրություններից։ UPlay-ը հասանելի է ինչպես Unity փաթեթների կազմում, այնպես էլ որպես առանձին ծառայություն։

Հարկ է նշել, որ ծառայությունը հասանելի կլինի նաև գործող բաժանորդների համար։