Վերադառնալ

Ucom-ի աջակցությամբ Երևանում կանցկացվի դրոնների մրցաշավ

Ապրիլ 23, 2025

Մայիսի 25-ին արդեն երրորդ անգամ Հայաստանում անցկացվելու է «Mini Whoop Drone Racing» ամենամյա FPV դրոնների մրցարշավը։ Մրցարշավն անցկացվում է «Արմդրոն համայնք»-ի նախաձեռնությամբ և Ucom-ի աջակցությամբ։

Մրցարշավի կիսաեզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 24-ին: Մասնակցել կարող են  12–18 տարեկան դպրոցականները և երիտասարդները՝ լրացնելով գրանցման հայտը:

Մրցարշավի նպատակն է Հայաստանում զարգացնել միջազգային մակարդակով ճանաչված FPV Drone Racing սպորտաձևը, բարձրացնել ԱԹՍ-ների մասին իրազեկվածության ու կիրառման մակարդակը, կատարելագործել FPV օպերատորների մասնագիտական հմտությունները, ստեղծել հարթակ մասնագետների միջև կապի, փորձի փոխանակման և համագործակցության համար, ինչպես նաև խթանել պատանիների հետաքրքրվածությունը տեխնոլոգիական ոլորտի հանդեպ։  

«Արմդրոն համայնք»-ն իր առաքելությունն է համարում FPV դրոնների կրթական սպորտային միջավայրի ձևավորումը։ Կազմակերպությունն անվճար հայալեզու վիդեոդասեր է ստեղծում, տարբեր միջոցառումներ և մրցույթներ կազմակերպում, դեռահասներին և մեծահասակներին FPV դրոնների վարում, հավաքում և սպասարկում է ուսուցանում։

Նախորդ մրցարշավերի արդյունքում համայնքին միացել է շուրջ 100 նոր ուսանող, իսկ նախորդ տարվա մասնակիցներն ամբողջ  տարին պատրաստվել են այս տարվա մրցույթին ավելի լավ արդյունք գրանցելուն և  Հայաստանից դուրս մրցույթներին ներկայանալուն:

Նկատելով պատանիների պատրաստակամությունն ու մարզվելու ցանկությունը՝ համայնքը ինտենսիվ կազմակերպում է մարզումներ, որոնք խրախուսում են երեխաներին և մեծահասակներին ակտիվորեն մասնակցել և զարգացնել իրենց կարողությունները:

«Ucom-ի կորպորատիվ պատասխանատվության քաղաքականության մեջ կարևոր դեր է խաղում տեխնոլոգիական կրթության խթանումը երիտասարդների միջև։ Կարծում եմ դրոնների սպասարկումն ու կառավարումը շատ արդիական, կարևոր ու արժեքավոր փորձառություն է այսօրվա աշխարհում։ Այս ոլորտով հետաքրքրվող երիտասարդները որակյալ գիտելիքներ ու հմտություններ ստանալու շնորհիվ վստահաբար կկարողանան մեծ հաջողությունների հասնել ու մեծ օգուտներ բերել Հայաստանին», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ամեն տարի մեր համայնքը գրանցում է նորանոր արդյունքներ, ընկերական  և փոխօգնության միջավայրը տարեց տարի ընդլայնվում է, ու մեր փոքր, բայց հստակ քայլերով մենք շարժվում ենք առաջ, հնարավորություն տալով պատանիներին և երիտասարդներին մասնագիտանալ այս ոլորտում և մրցել աշխարհում ուժեղագույն մարզիկների հետ, զարգացնել հայաստանում  FPV դրոնների կրթական և սպորտային միջավայրը», - ասել է «Արմդրոն համայնք» ՀԿ-ի հիմնադիր Հայկ Կարապետյանը։

Նշենք, որ այս տարվա մրցարշավին մասնակցելու են նաև Վրաստանի FPV Drone Racing ֆեդերացիայի ներկայացուցիչները։ Հայաստանցի լավագույն մասնակիցները նաև հնարավորություն կունենան ներկայացնել երկիրը Թբիլիսիում այս տարի կայանալիք մրցարշավին: