Ucom Բիզնեսը հետվճարային համակարգով ծառայություն է, որի դեպքում բաժանորդի համար առանձնացվում է մեկ հիմնական հաշիվ, և յուրաքանչյուր հեռախոսագծի համար` մեկ կորպորատիվ և մեկ անհատական ենթահաշիվ: Հիմնական հաշվի համար սահմանվում է բացասական հաշվեկշռի սահմանաչափ, որը բաժանորդի ցանկությամբ բաշխվում է ըստ հեռախոսագծերի կորպորատիվ ենթահաշիվների այնպես, որ բոլոր հեռախոսագիծ օգտագործողների համար նախատեսված բացասական հաշվեկշռի սահմանաչափերի հանրագումարը չգերազանցի հիմնական հաշվի բացասական հաշվեկշռի սահմանաչափը: Բացասական հաշվեկշռի սահմանաչափն այն առավելագույն պարտքն է, որը բաժանորդը կարող է ունենալ Ucom-ի նկատմամբ և որոշվում է Ucom-ի կողմից` հաշվի առնելով բաժանորդի կողմից հայցվող հեռախոսագծերի քանակը: Բացասական հաշվեկշռի սահմանաչափը կարող է փոփոխվել բաժանորդի դիմումի համաձայն` Ucom-ի կողմից սահմանված կարգով: Բացասական հաշվեկշռի սահմանաչափը սահմանվում է բաժանորդային պայմանագրում: Հիմնական հաշվի ներքո առանձնացված յուրաքանչյուր հեռախոսագծի համար վճարվում է ամսավճար, որը չի կարող օգտագործվել Ucom-ի ծառայություններից օգտվելու համար: Բաժանորդը կարող է վերահսկել յուրաքանչյուր հեռախոսագծի կորպորատիվ ենթահաշիվը` ընտրելով Ucom-ի կողմից սահմանված ծախսերի վերահսկման տեսակներից մեկը: Ծախսերի վերահսկման տեսակը որոշվում է ըստ յուրաքանչյուր հեռախոսագծի:
Ա. Ծախսերի վերահսկման տեսակ 1.
Ամսվա ընթացքում կորպորատիվ ենթահաշվի համար սահմանված բացասական հաշվեկշռի սահմանաչափը սպառելուց հետո հեռախոսագիծ օգտագործողը չի կարող օգտվել Ucom-ի ելքային ծառայություններից, սակայն անհատական ենթահաշվին բավարար գումար ունենալու դեպքում (եթե ծառայությունը գտնվում է ակտիվ շրջանում) օգտագործողն իրավունք ունի այդ գումարի չափով օգտվել Ucom-ի բոլոր ծառայություններից: Ucom Բիզնես բաժանորդը վճարում է միայն կորպորատիվ ենթահաշվից կատարված ծախսերի դիմաց:
Բ. Ծախսերի վերահսկման տեսակ 2.
Հեռախոսագիծ օգտագործողի կորպորատիվ ենթահաշվի համար սահմանված բացասական հաշվեկշռի սահմանաչափը կրում է տեղեկատվական բնույթ, ըստ որի` համապատասխան հեռախոսագիծ օգտագործողը տեղեկացվում է, որ սպառել է իր համար սահմանված ծախսերի վերահսկման սահմանաչափը, սակայն կարող է շարունակել օգտվել Ucom-ի ծառայություններից: Ամեն դեպքում բոլոր հեռախոսագիծ օգտագործողները միասին չեն կարող գերազանցել բաժանորդի հիմնական հաշվի համար սահմանված բացասական հաշվեկշռի սահմանաչափը: Բաժանորդը վճարում է միայն կորպորատիվ ենթահաշվից կատարված ծախսերի դիմաց, ընդ որում` նաև կատարված այն ծախսերի, որոնք գերազանցում են կորպորատիվ ենթահաշվի համար սահմանված ծախսերի վերահսկման սահմանաչափը: Այսինքն` ծախսերի վերահսկման այս տեսակի դեպքում բաժանորդը պատասխանատու է կորպորատիվ ենթահաշվի վրա կուտակված ամբողջ պարտքի համար` անկախ այն հանգամանքից, թե պարտքը կուտակվել է ծախսերի վերահսկման սահմանաչափի սահմաններում, թե դրա գերազանցմամբ: Հեռախոսագիծ օգտագործողն իրավունք ունի անհատական ենթահաշվում առկա դրական սահմանաչափի սահմաններում (եթե ծառայությունը գտնվում է ակտիվ շրջանում) օգտվել Ucom-ի այն ծառայություններից, որոնք հասանելի չեն կորպորատիվ ենթահաշվից, իսկ հիմնական հաշվի բացասական հաշվեկշռի սահմանաչափին հասնելու պարագայում` Ucom-ի բոլոր ծառայություններից:
Գ. Ծախսերի վերահսկման տեսակ 3.
Կորպորատիվ ենթահաշվի համար ծախսերի վերահսկման սահմանաչափ չի սահմանվում: Ամեն դեպքում, բոլոր հեռախոսագիծ օգտագործողները միասին չեն կարող գերազանցել բաժանորդի հիմնական հաշվի համար սահմանված բացասական հաշվեկշռի սահմանաչափը: Բաժանորդը վճարում է միայն կորպորատիվ ենթահաշվից կատարված ծախսերի դիմաց: Հեռախոսագիծ օգտագործողն իրավունք ունի անհատական ենթահաշվում առկա դրական հաշվեկշռի սահմաններում (եթե ծառայությունը գտնվում է ակտիվ շրջանում) օգտվել Ucom-ի այն ծառայություններից, որոնք հասանելի չեն կորպորատիվ ենթահաշվից, իսկ հիմնական հաշվի ծախսերի վերահսկման սահմանաչափին հասնելու պարագայում` Ucom-ի բոլոր ծառայություններից:
Բաժանորդն իրավասու է հիմնական հաշվի ներքո ակտիվացված յուրաքանչյուր հեռախոսագծի համար սահմանել Ucom-ի ծառայությունների փաթեթ , (կորպորատիվ ծառայությունների փաթեթ): Ucom-ն առաջարկում է կորպորատիվ ծառայությունների 18 փաթեթ, որոնք հնարավորություն են տալիս յուրաքանչյուր հեռախոսագծի համար որոշել կորպորատիվ հաշվից վճարվող զանգերի սահմանաչափը և այն ծառայությունները, որոնք հասանելի կլինեն կորպորատիվ ենթահաշվից` առաջնորդվելով հեռախոսագիծ օգտագործողներից յուրաքանչյուրի անհատական պահանջներով և աշխատանքի բնույթով: Օրինակ` հեռախոսագիծ օգտագործողներից մեկի համար կորպորատիվ հաշվից կարող են ակտիվացվել միայն փաթեթի ներսում զանգեր կատարելու, մյուսի համար` նաև տեղական այլ ցանցեր զանգելու և Բջջային ինտերնետից օգտվելու հնարավորությունները և այլն: Հեռախոսագիծ օգտագործողը կարող է օգտվել Ucom-ի մնացած ծառայություններից՝ պարզապես վերալիցքավորելով անհատական ենթահաշիվը:
Սակագնային պլան
Ucom Բիզնես շարժական հեռախոսակապի ծառայության սակագնային պլանը որոշվում է համաձայն բաժանորդի կողմից ակտիվացված հեռախոսագծերի քանակի: Հեռախոսագծերի համար վճարվող ամսավճարի չափը պայմանավորված է սակագնային պլանով:
1 գծի ամսավճարը կլինի 100-500 դրամ/ամիս կախված Ձեզ տրամադրվող գծերի քանակից: Որքան մեծ է Ձեր ընկերությունը, այնքան ցածր ամսավճար կվճարեք յուրաքանչյուր գծի համար:
Սակագնային տարբերակ
Բաժանորդի կողմից ընտրված սակագնային տարբերակով են որոշվում մատուցվող ծառայությունների սակագները: Սակագնային տարբերակը ընդհանուր է բոլոր հեռախոսագծերի համար:
Բաժանորդների փակ խումբ
Ucom Բիզնես բաժանորդները կարող են ընտրել նաև բաժանորդների փակ խումբ, որի մեջ ներառվող հեռախոսագիծների համար սահմանվում են ավելի ցածր սակագներ` միմյանց զանգելու համար: Բաժանորդների փակ խմբի մեջ ներառվող յուրաքանչյուր հեռախոսագծի համար սահմանվում է լրացուցիչ ամսավճար` կախված ընտրված բաժանորդների փակ խմբի տեսակից և սակագնային տարբերակից: Բաժանորդը կարող է ընտրել բաժանորդների փակ խմբի տեսակ յուրաքանչյուր հեռախոսագծի համար: