
«Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցները այցելել են Ucom՝ առաջնորդության գաղտնիքներին ծանոթանալու
11/02/2025
«Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի մասնակիցները այցելել են Ucom գլխամասային գրասենյակ, որտեղ հանդիպում են ունեցել ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ։
Այցի ընթացքում պարոն Յիրիկյանն ինտերակտիվ քննարկում է անցկացրել՝ խոսելով «Լավ առաջնորդություն և կառավարում» թեմայի շուրջ և կիսվելով հեռահաղորդակցության և բիզնես ոլորտներում իր մեծ փորձով: Մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկել իրենց նախագծերը, առաջնորդության արդյունավետ ռազմավարությունների վերաբերյալ խորհուրդներ ստանալ և բիզնեսի կայուն աճի սկզբունքները քննարկել:
Անդրադառնալով այցին՝ Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է մենթորության կարևորությունը առաջնորդների հաջորդ սերնդի ձևավորման գործում.
«Ուրախ եմ Ucom-ի գլխամասային գրասենյակում հանդիպելու Ucom Fellowship ծրագրի ստարտափ թիմերի հետ, կիսվելու իմ փորձով, տեղեկանալու ինկուբացիայի ընթացքում նրանց առաջընթացի մասին և պատասխանելու նրանց հարցերին։ Մենք Ucom-ում հավատացած ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաները կարող են օգնել շրջակա միջավայրի պահպանմանը և կանաչ ապագա ապահովել հաջորդ սերունդների համար», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Ucom-ի հետ համագործակցությունը Ռալֆ Յիրիկյանի բացառիկ ղեկավարության ներքո լիովին համահունչ է կայուն նորարարությունը զարգացնելու մեր հանձնառությանը: Ռալֆի մարդակենտրոն մոտեցումը ոչ միայն լիովին համապատասխանում է մեր արժեքներին, այլև խորություն է հաղորդում մեր համատեղ ջանքերին՝ մեծացնելով մեր կարողությունը՝ աջակցելու հեռանկարային մտածողություն ունեցող գործարարներին, որոնք պատրաստ են իրենց հետքը թողնել շրջակա միջավայրի պահպանման գործում», - ասել է Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։
Ucom-ի հաղորդակցության թիմը նույնպես հանդիպել է ծրագրի մասնակիցների հետ և անցկացրել է «Լավ PR փորձ» թեմայով սեսիա, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվել է արժեքավոր փորձ՝ մեդիա հարաբերությունների, բրենդի դիրքավորման և ռազմավարական հաղորդակցության վերաբերյալ: Քննարկումը ստարտափ թիմերին տրամադրեց գործնական գործիքներ՝ խթանելու իրենց հաղորդակցության հմտություններն ու հանրային իրազեկում ապահովելու իրենց լսարանի շրջանում։
Այս այցը «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի կարևոր մաս է, որը վերահաստատում է Ucom-ի հանձնառությունը երիտասարդ տաղանդներին խրախուսելու և նրանց անհրաժեշտ գիտելիքներով և մենթորությամբ զինելու՝ իրենց գաղափարները կյանքի կոչելու համար:
Ծրագրի շրջանակում թիմերը կշարունակեն մասնակցել անհատական դասընթացների, մենթորության սեսիաների և տարբեր համագործակցությունների։ Նախագծի ավարտին տեղի կունենա պաշտոնական միջոցառում, որի ժամանակ թիմերը կներկայացնեն իրենց մշակած պրոդուկտները, իսկ լավագույն նախագիծը կստանա ֆինանսական մրցանակ, որը կաջակցի նրա աճին և իրականացմանը: