Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանը տեղադրել են Արենիում

Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն հերթական արևային կայանը տեղադրել են Արենիում

08/11/2024

Վայոց Ձորի Արենի բնակավայրի նորակառույց մանկապարտեզի համար Արևորդի ՀԿ-ի և Ucom-ի համագործակցության շրջանակներում տեղադրվել է 10.44 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան։

Համայնքի մանկապարտեզը կառուցվել է բոլորովին վերջերս և բացվել է սույն թվականի սեպտեմբերին։ Շենքի նախագիծը ի սկզբանե նախատեսում էր արևային կայան և Արենի համայնքը դիմել էր Ucom-ին և Արևորդի ՀԿ-ին՝ աջակցելու կայանի տեղադրման հարցում։

Արդյունքում, մանկապարտեզի տանիքին այժմ տեղադրված է արևային կայան, որը մեծապես կնպաստի հոսանքի ծախսերի նվազեցմանը։ Իսկ ապագայում, հոսանքով ջեռուցման անցնելու դեպքում՝ գեներացված հոսանքը ամբողջապես կապահովի նաև այդ կարիքները։

«Շատ ուրախալի է, որ մեր մարզերում կառույցներն ի սկզբանե նախատեսում են կայուն էներգիայի օգտագործման մեթոդներ և Ucom-ը հնարավորության դեպքում սիրով միանում է նման նախաձեռնություններին։ Մեր ցանկությունն է, որ կայուն ապրելակերպը Հայաստանում դառնա սովորություն։ Հատկապես հաճելի է, որ նման նախաձեռնություններից շահում են մեր փոքրիկները» - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Կայուն էներգիայի գեներացման աղբյուրներ ստեղծելը չափազանց կարևոր և արդյունավետ համայնքի զարգացման համար։ Սրանք նաև այն լավագույն օրինակներն են, երբ արված աշխատանքը անմիջապես տնտեսական դրական ազդեցություն է ունենում՝ ցույց տալով բնահեն լուծումների կարևորությունը», - ասել է Արևորդի ՀԿ տնօրեն Սոնա Քալանթարյանը։

«Ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել Ucom-ին և Արևորդի հասարակական կազմակերպությանը  համայնքին ցուցաբերած այս օժանդակության համար: Արևային կայանը զգալիորեն կկրճատի համայնքային ծախսերը և տաքություն ու ջերմություն կպարգևի Արենիի մանուկներին», - ասել է Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։

Արենիի մանկապարտեզ այժմ հաճախում է շուրջ 80 երեխա, սակայն շենքն ունի միաժամանակ 120 երեխա ընդունելու ներուժ։ Նորակառույց շենքը ինտեգրել է ճարտարապետական նոր ու ժամանակակից լուծումներ, որոնք նախատեսված են երեխաների առօրյան հնարավորինս ապահով ու հետաքրքիր դարձնելու համար։ Տեղադրված կայանը նույնպես կնպաստի այդ նպատակին՝ միաժամանակ լինելով համայնքի կայունության ու բնապահպանական լուծումների լավագույն օրինակներից մեկը։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: