Ucom-ը և Impact Hub Երևան-ը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրը
13/09/2024
Ucom ընկերությունը և Իմփաքթ Հաբ Երևանը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրը, որը կոչված է պատրաստելու Հայաստանի ձեռներեցների նոր սերունդը: Այս ծրագիրը վաղ փուլի ստարտափ նախագծերին տրամադրում է ռեսուրսներ, մենթորություն և համագործակցելու միջավայր, որտեղ նրանք կզարգացնեն իրենց գաղափարները։
Մեկնարկի միջոցառումը միավորեց ծրագրի առաջին մասնակիցներին, որոնց սպասում էին ողջույնի խոսքեր, նոր կապեր ստեղծելու հնարավորութուն և շրջայց՝ Իմփաքթ Հաբի քովորքինգ գրասենյակով: Նախագծի մեկնարկը տրվեց Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանի ողջույնի խոսքով, որը ներկայացրեց Իմփաքթ Հաբի ընդհանուր առաքելությունն ու դերը ձեռներեցներին աջակցելու գործում և պատմեց նախորդ հաջողված նախագծերի մասին, որոնք ստեղծվել են այս աջակցող էկոհամակարգում։
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր ողջույնի խոսքում ներկայացրեց Ucom-ի մասնակցությունը ծրագրում և վերահաստատեց շարունակական աջակցությունը Հայաստանում կանաչ նախագծերին:
«Ucom Ֆելլոուշիփ»-ը մեզ համար չափազանց կարևոր է, քանի որ այն ոչ միայն լրացնում է տեխնոլոգիաների և կանաչ տնտեսության սկզբունքների միջև առկա բացը, այլև ծառայում է որպես կորպորացիաների և ՀԿ-ների միջև համագործակցության փայլուն օրինակ», - ասել է Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը:
«Անչափ ուրախ ենք տեսնել այսպիսի հիանալի և ոգեշնչող գաղափարներ, որոնք կարող են ծառայել մեր համայնքներին և օգնել շրջակա միջավայրին կանաչ լուծումներով: Մենք ուրախ ենք աջակցել այս ծրագրին և հետևել մեր մասնակիցների հաջողություններին, որոնք նաև դրական ազդեցություն են թողնելու սեփական համայնքներում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Ucom Ֆելլոուշիփ» ծրագրում ներառված են մի քանի հեռանկարային նախագծեր, որոնք լուծումներ են առաջարկում շատ լուրջ մարտահրավերների համար՝ վերականգնողական էներգիայի, բնապահպանական կայունության և կայուն արտադրանքի ոլորտներում: Ծրագրում մասնակցելու համար ընտրված նախագծերը հետևյալն են․
Flowtric. Նախագիծ, որը մշակում է փոքրիկ տուրբինային գեներատորներ՝ խողովակների մեջ հոսող ջրից վերականգնվող էլեկտրաէներգիա գեներացնելու համար: Այն առաջարկում է նորարարական լուծում շարունակական մաքուր էներգիայի աղբյուրից օգտվելու համար:
Edible Dishware: Այս գաղափարը նախատեսում է մեկանգամյա օգտագործման պլաստիկը փոխարինել մրգերից և հացահատիկից պատրաստված ուտելի սպասքով: Իրենց առաջարկը ներառում է վաֆլիից բաժակներ, բրնձից և պանրից պատրաստված ափսեներ և այլն, որոնք ապահովում են մեկանգամյա պլաստիկի փոխարեն կայուն այլընտրանքների կիրառումը:
Solatube Armenia: Նախագիծն առաջարկում է ցերեկային լուսավորության նորարարական համակարգերի ներդրում հայկական շուկայում՝ տեղական արտադրություն հիմնելու նպատակով: Նախագիծը կառաջարկի կայուն ցերեկային լուսավորության և օդափոխության լուծումներ, որը կաջակցի Հայաստանի տնտեսական աճին՝ աշխատատեղերի ստեղծման միջոցով, միաժամանակ այն կնպաստի շրջակա միջավայրի կայունությանը՝ նվազեցնելով արհեստական լուսավորության պահանջարկը:
NAN: Նախագիծը ներկայացնում է խելացի սարք, որը կնվազեցնի գյուղատնտեսության և այգեգործության ոլորտներում ջրի կորուստները: Օպտիմալացնելով ջրի սպառումը՝ այս գաղափարը խթանում է արդյունավետ, կայուն գյուղատնտեսական մոտեցումներ և լուծում է բնապահպանական ամենահրատապ մարտահրավերներից մեկը՝ ջրի կորուստը:
Unnamed Project: Նախագիծն առաջարկում է կախասնկերի կայուն արտադրություն: Այս նախագիծն օգտագործում է ցորենի թեփի պարկեր կախասունկ աճեցնելու համար, պարկերը վերամշակվում են կենդանակեր ստանալու համար: Կենդանիներից ստացված գոմաղբն էլ օգտագործվում է դաշտերը պարարտացնելու համար: Նախագիծը նաև ինտեգրում է ստացված գոմաղբից կենսագազի արտադրությունը՝ առաջարկելով շրջակա միջավայրի կայուն լուծումների փակ շրջան:
Բացման միջոցառուման ընթացքում ելույթ ունեցան նախորդ ծրագրերի մասնակից ստարտափները, որոնք կիսվեցին իրենց հաջողության պատմություններով և անցած ճանապարհով նոր մասնակիցների հետ: Նոր ստարտափներին նաև մանրամասնորեն ներկայացվեց ծրագրի կառուցվածքն ու ժամանակացույցը՝ նախապատրաստելով նրանց գալիք հետաքրքիր ամիսներին:
Առաջիկա ամիսների ընթացքում մասնակիցները կօգտվեն սեմինարներից, փորձագետների մենթորությունից և պրակտիկ փորձից՝ իրենց բիզնեսն ու գաղափարները զարգացնելու համար: Ինկուբացիոն ծրագիրը կունենա ավարտական միջոցառում, որի ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց արդյունքները, իսկ լավագույն գաղափարը կստանա 500,000 ՀՀ դրամ ֆինանսական մրցանակ՝ նախագծի հետագա աճը խթանելու համար: