Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի շնորհիվ Վայոց ձորի Աղավնաձորի մանկապարտեզը կաշխատի ամբողջ տարի
17/01/2024
Ucom ընկերության և «Արևորդի» հասարակական կազամակերպության համագործակցությունը շարունակվում է շահառու համայնքներում: Վայոց ձորի Աղավնաձորի բնակավայրի նախադպրոցական կրթօջախի տանիքին տեղադրվել է 10.3 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայան, որի արտադրած էլեկտրականության շնորհիվ շենքը ցուրտ ամիսներին կջեռուցվի և հնարավորություն կունենա ընդունել բնակավայրի փոքրիկներին: Արևային կայանի տեղադրումն իրականություն է դարձել Ucom ընկերության և «Արևորդի» հասարակական կազմակերպության համագործակցության շնորհիվ:
«Աղավնաձորի այս մանկապարտեզում արևային կայանի տեղադրումով մենք լուծում ենք կարևոր մի քանի խնդիր: Նախակրթարանը կջեռուցվի, իսկ պետությունը հնարավորություն կունենա խնայել միջոցներ, որոնք կուղղորդվեն կարևոր այլ ոլորտների զարգացմանը: Այս կայանը նաև կարևոր է նրանով, որ ևս մեկ անգամ ուշադրություն կսևեռենք այլընտրանքային էներգիայի ստացմանն ու էկոկրթության տարածմանը»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Այլընտրանքային էներգիայի խթանման այս նախաձեռնությունը մեկնարկել է 2023թ. օգոստոսին Ucom ընկերության և «Արևորդի» բնության և մշակույթի պահպանման հասարակական կազմակերպության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում: Ըստ հուշագրի` աջակցությունը, ի սկզբանե, նախատեսված է եղել այլ միջոցառումների համար, սակայն արցախցիների բռնի տեղահանման և Հայաստանի տարբեր բնակավայրերում բնակեցման պատճառով, այդ աջակցությունը նպատակաուղղվել է գյուղական բնակավայրերի ենթակառուցվածքների զարգացմանը և կառավարման հոգսերը մեղմելուն:
«Մենք՝ որպես բնապահպանական կազմակերպություն, շատ ուրախ ենք, որ էկոլոգիապես մաքուր էլեկտրականության աղբյուրը տարածում է ստանում, հետևապես մենք ողջունում ենք շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված բոլոր քայլերը: Ucom-ի հետ մեր համագործակցությունը շարունականան կլինի և այժմ մենք նախագծում ենք հետագա քայլերի հաջորդականությունը»,-նշել է «Արևորդի» հասարակական կազմակերպության տնօրեն Սոնա Քալանթարյանը: