Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ամանորյա նվերներով շնորհավորել է Տավուշում ու Վայոց ձորում բնակվող Արցախից բռնի տեղահանված փոքրիկներին
13/01/2024
Արցախից բռնի տեղահանված 2-14 տարեկան ավելի քան 1000 երեխաներ Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ, Նոյեմբերյան, Ազատամուտ համայնքներում ու Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր համայնքներում ամանորի նվերներ են ստացել Հայաստանի ազգային կապի օպերատորից՝ Ucom-ից: Նվերները սանտամոբիլներով են հասցվել մարզեր: Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Ucom-ի աշխատակիցները Եղեգնաձորի ու Իջևանի մշակույթի տներում անձամբ հանձնել են նվերները:
«Ամանորյա հրաշքը մենք պետք է ապահովենք մեր արցախցի հայրենակիցների համար: Նրանք դրա կարիքը շատ ունեն: Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին սատար կանգնելը մեզ համար կարևոր հանձնառություն է, որը մենք իրականացնում ենք մեծ սիրով ու հոգատարությամբ: Ամանորը հրաշքների սպասում է ու դրանց իրականացման մեկնակետ: Ucom-ը թե՛ որպես ազգային օպերատոր և թե՛ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հանձնառություն ունեցող ընկերություն, հետևողականորեն առավելագույնս իրականացնելու է մեր երեխաների ու ինչու չէ նաև օգնության կարիք ունեցող մեր հայրենակիցների երազանքների գոնե մի փոքր մասը»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է երկու մարզերի մարզպետներին՝ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանին, ում շնորհավորել է նշանակման առթիվ և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին: Մարզպետների հետ քննարկման ժամանակ շնորհակալություն է հայտնել օգնությունների տրամադրման հարցերում աջակցության համար և նշել, որ ոլորտային աջակցությունները շարունակաբար են լինելու այդ մարզերում:
Հանդիպումներից հետո Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի, իսկ Տավուշում՝ Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանի հետ նվերները հանձնել են Արցախից բռնի տեղահանված փոքրիկներին: