Ucom և Smartcom ընկերությունները ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի երեխաներին նվիրել են խելացի ժամացույցներ և uKid հավելվածից անվճար օգտվելու հնարավորություն
11/12/2023
Փայլում են երեխաների աչքերը. ուրախ է և Ucom-ի թիմը. այսօր նրանք գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ուղեկցությամբ այցելել էին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ-COAF) Լոռու ՍՄԱՐԹ կենտրոն և հանձնել երեխաների ցանկալի նվերը: ՔՈԱՖ-ի շահառու 55 երեխաներ այսօր ստացան uKid խելացի ժամացույցներ, որը նրանց համար պատրաստել էին Ucom-ի աշխատակազմն ու Smartcom ընկերությունը: Նպատակը՝ երեխաների ապահով ու անվտանգ տեխնոլոգիական ինտեգրումն էր:
«Մենք խրախուսում և օժանդակում ենք մանուկների հասանելիությունը տեխնոլոգիական նորարարություններին: Խելացի ժամացույցները լուծում են ոչ միայն երեխաների զարգացման ու հասանելիության հարցը, այլ նաև ապահովում են ծնողի ու երեխայի միջև կապը, որով լուծվում է նաև երեխայի անվտանգության հարցը»,- նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Կապի ազգային օպերատորը տրամադրել է խելացի ժամացույց, որը uKid հավելվածի միջոցով հնարավորություն է տալիս ծնողին սմարթֆոնով հետևել երեխայի տեղաշարժին: Ucom ընկերությունը տրամադրել է SIM քարտեր` uKid սակագնային պլանով, որից երեխաները կարողանալու են անվճար օգտվել մեկ տարի շարունակ:
«Այսօր ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ի փոքրիկ շրջանավարտները, որոնք 3-5 տարեկան հասակում օգտվել են մանկան զարգացման մեր ծառայություններից, Ucom և Smartcom ընկերությունների կողմից որպես նվեր ստացան խելացի ժամացույցներ։ Այս յուրահատուկ սարքերը երեխաներին հնարավորություն կտան մեկ քայլ ավելի մոտ լինել բարձր տեխնոլոգիաներին և միաժամանակ ապահովել ծնողների կողմից վերահսկման մեխանիզմը»,- նշել է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը:
Նշենք, որ այցի շրջանակում Ռալֆ Յիրիկյանը շրջայց է կատարել ՍՄԱՐԹ կենտրոնում, ծանոթացել երեխաների հետ, զրուցել կենտրոնի հնավորությունների և մատուցվող ծառայությունների մասին: