«Բարև, բալիկ»-ը գործարկվել է ներկա և ապագա մայրիկների համար
28/06/2022
Պաշտոնապես գործարկվել են «BarevBalik.am»- առցանց հարթակը և նույնանուն բջջային հավելվածը, որոնք ուղղված են ապագա մայրերի և երեխայի զարգացման առաջին տարիների ընթացքում ծնողների աջակցմանը: Հավաստի տեղեկատվություն պարունակող հայկական առաջին փաստահենք առցանց հարթակն ու բջջային հավելվածը մշակվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանի ԿԶՆ նորարարական կենտրոնի, ՀՀ առողջապահության նախարարության և Վիվա-ՄՏՍ-ի համատեղ ջանքերով։ Երկու տարվա ընթացքում, նախագծի մշակման համար ,Վիվա-ՄՏՍ-ը տրամադրել ՝ ԱՄՆ 100,000 դոլարին համարժեք դրամ:
«BarevBalik.am» ծրագրի առաքելությունը, առավելություններն ու առանձնահատկությունները ներկայացվել են BarevBalik.am հարթակի և բջջային հավելվածի պաշտոնական գործարկման ընթացքում՝ ՀՀ առողջապահության նախարարության, ՄԱԶԾ, ինչպես նաև նախագծի մասնակից՝ բջջային կապի Հայաստանյան երեք օպերատորների՝ ներառյալ «Յուքոմ» ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ:
«BarevBalik.am»-ի թիրախը երեխայի ծնունդ պլանավորող զույգերն են, հղիները, անպտղության խնդիրներ ունեցող մարդիկ և մինչև վեց տարեկան երեխաների ծնողները:
Համատեղ նախագիծը նպատակ ունի թվային գործիքների միջոցով առողջապահական տեղեկատվությունն ու ծառայություններն առավել հասանելի դարձնել հասցեատերերին։ Հարթակն ապահովում է անձնական տվյալների պաշտպանությունը՝ ինտեգրելով թվային ստորագրության մոբայլ համակարգը՝ մոբայլ ID տեխնոլոգիան, որպես կայքում կամ հավելվածում օգտատիրոջ նույնականացման միջոց։
«BarevBalik.am» հարթակը «Բարև, բալիկ» ծրագրի մասն է: Այն մշակվել է մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում առկա խնդիրների՝ ներառյալ մայրական և մանկական մահացության ներկայիս ցուցանիշի, նախածննդյան ու հետծննդյան բարդացումների և անպտղության աճող դեպքերի վիճակագրությունից ելնելով։
«Բարև, բալիկ» ծրագիրը ստեղծվել է առողջապահության ոլորտի արդիականացման գործընթացը խթանելու նպատակով: Համատեղ աշխատանքի արդյունքում ստեղծվել է այնպիսի հարթակ որը ներկա և ապագա ծնողներին կտրամադրի հայերեն լեզվով առողջապահական տեղեկատվություն և հասանելի կդարձնի թվային, ժամանակակից մի շարք գործիքներ՝ հղիության նախածննդյան ու հետծննդյան փուլերում ուղղորդելու և տեղեկացված որոշումներ կայացնելու համար։
Հարթակը տրամադրում է թվայնացված անհատական այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են՝ երեխաների պատվաստման անհատական թվային ժամանակացույց և առողջապահական փաստահենք տեղեկատվություն՝ առողջական վիճակի, հիվանդության կանխարգելման ու բուժման համար։
Հարթակի՝ վերարտադրողական առողջության, հղիության և երեխաների առողջության ու զարգացման համար նախատեսված այլ հնարավորություններից են.
- Համապատասխանության ստուգում՝ ֆինանսական աջակցություն ստանալու համար
- Բժշկական ծառայություններ Ձեր մոտակայքում
- Երեխայի աճի պատմություն
- Քնի և կրծքով կերակրելու հաշվիչ
- Ծննդաբերական կծկումների հաշվիչ
- Դաշտանային ցիկլի հաշվիչ
- Երեխաների առողջ զարգացման ու խնամքի տեղեկատվություն
«BarevBalik.am» հարթակը հասանելի է նաև բջջային հավելվածի տեսքով App Store-ում և Google Play-ում։
Հարթակը երաշխավորված է ՀՀ առողջապահության նախարարության կողմից։