Գուրգեն Խաչատրյան. Տելեկոմը և ապագան Հայաստանում
17/05/2021
Ամեն օր մարդիկ նվազագույնը 58 անգամ նայում են հեռախոսի էկրանին: Մոլորակի բնակչությունն օրական 4,5 ժամ անցկացնում է հեռախոսը ձեռքին: 1973թ.-ին` առաջին բջջային հեռախոսի ստեղծման ժամանակներում, կանխատեսելի էր տեխնոլոգիական հեղափոխությունը, բայց ոչ ոք չէր մտածում, որ հեռախոսը ոչ միայն փոփոխության կենթարկի մարդկանց կոմունիկացիայի մշակույթը, այլև կարագացնի ժամանակը:
Այսօր մեկ օրում մարդիկ սպառում են շատ ավելի շատ կոնտենտ, քան միջնադարում մի ամբողջ կյանքի ընթացքում: Առողջությունից, գնումներից, ֆինանսներից մինչև կրթություն ու շփում. ամեն ինչ արվում է հեռախոսով, ինչի արդյունքում տելեկոմ ոլորտը կանգնած է պատմության ամենաբարդ և պատմականորեն ամենամեծ հնարավորությունների ժամանակահատվածում:
Հայկական տելեկոմի մարտահրավերները. հետևանքներն զգալու են բոլորը
Այսօր Հեռահաղորդակցության և տեղեկատվական հասարակության միջազգային օրն է, և, օգտագործելով առիթը, ցանկանում եմ խոսել Հայաստանում տելեկոմ ոլորտի ապագայի մասին` խնդիրների ու մարտահրավերների ցուցակագրմամբ: Այսօր մեր երկիրը կանգնած է ոլորտի ենթակառուցվածքների և տեղեկատվական անվտանգության լրջագույն մարտահրավերների առջև: Բավական է միայն հիշատակել, որ բոլորովին վերջերս երկիրը սնուցող հիմնական ենթակառուցվածքներում տեղի ունեցած փոփոխությունները կտրուկ բարձրացրել են ազգային անվտանգության ռիսկերը:
Հայաստանում տելեկոմ ոլորտի համար նոր ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը, շուկայի ծավալների սահմանափակումը, ռեգիոնալ անվտանգության ապահովման և պետական ոլորտային քաղաքականության մասնատվածությունը տանում են ոլորտը թուլացման, իսկ հետևանքներն զգալու ենք բոլորս` ես, դուք, մեր ընտանիքները, մեր պետությունն իր սուվերենիտետով: Ուրեմն ի՞նչ անել:
Ինչպես սկսեց տելեկոմի զարգացումը Հայաստանում
Հայաստանի տելեկոմ շուկան ազատականացումից ու Vivacell-ի մուտքից հետո ակտիվ զարգացում է ապրել: Իսկ 2009 թ.-ին շուկա մուտք գործեցին երկու նոր ու ինովատիվ խաղացողներ. Orange Արմենիան՝ բջջային կապի ոլորտում և Ucom-ը՝ ինտերնետային կապի ու IP հեռուստատեսության ոլորտում: Այս երկու օպետորների ինտենսիվ ներդրումները, որոնք տարբեր հաշվարկներով գերազանցեցին 400 միլիոն դոլարը, հանգեցրեցին այդ շուկաներում ծառայությունների որակի էական բարելավման և գների զգալի նվազման` նպաստելով կապի ծառայություների լայն տարածմանը Հայաստանում:
Բավական է միայն հիշել, որ երբ մենք Ucom-ով նոր էինք շուկա մտնում, ինտերնետի տարածվածությունը Հայաստանում չէր գերազանցում 5%-ը: Այսօր` 2021 թ. դրությամբ, առկա են 3,78 մլն բջջային կապի բաժանորդներ (բնակչության 127.4%) և 2,2 մլն ինտերնետային կապից օգտվող բաժանորդներ (բնակչության 68.2%):
Ինչպես վերափոխվեց տելեկոմը. զանգերի ու SMS-ի վերջը
Հայաստանում մոբայլ շուկան սկսեց նահանջ ապրել գլոբալ համահունչ: Վերջին հնգամյակում տելեկոմ ոլորտի ավանդական եկամտի աղբյուրը հանդիսացող բաժանորդային զանգերը և SMS-ներն իրենց տեղը զիջեցին ինտերնետային կապ օգտագործող զանգի և շփման հավելվածներին (WhatsApp, Viber, Messenger, Telegram, Signal):
Սոցիալական ցանցերի տարածմանը զուգահեռ մեծացավ թվային կոնտենտի օգտագործումը բաժանորդների կողմից: 2021թ. դրությամբ ՀՀ-ում առկա է սոցիալական ցանցերի 1,8 մլն ակտիվ օգտատեր (բնակչության 60.7%), որոնցից 1,76 մլն (97.5%) մուտք են գործում սոց. ցանցեր բջջային հեռախոսի միջոցով: Արդյունքում, ինտերնետային տրաֆիկի օգտագործման ծավալներն աննախադեպ մեծացել են, ինչն ստիպում է օպերատորներին կատարել նորանոր ներդրումներ ցանցի թողունակության ընդլայնման համար:
Փրկության մոդելը. Ինչու՞ են կոնսոլիդացիաներն այդքան կարևոր
Տելեկոմն ինտենսիվ կապիտալ ներդրումներ պահանջող ոլորտ է` ներդրումների վերադարձելիության տեսանկյունից (ROI) անթույլատրելի ցածր ցուցանիշներով: Իսկ Հայաստանի պարագայում երկրային մեծ ռիսկայնությունը հանգեցնում է նաև բարձր կապիտալի կշռված միջին արժեքի (WACC) և, որպես արդյունք, շահութաբերության ցածր ցուցանիշների: Այլ կերպ ասած, ոլորտը թրենդային է ու երազանքի աշխատանք երիտասարդ պրոֆեսիոնալների համար, սակայն այն լուրջ գլուխկոտրուկ է կառավարման տեսանկյունից:
Ոլորտի կայունության և բիզնես շարունակականության ապահովման համար ներկայումս աշխարհում կարգավորման տարբեր մոդելներ կան, որոնցից երկու հիմնականը մեր տարածաշրջանում իրագործելի են: Առաջինը կարգավորող մարմնի խիստ վերահսկողության ներքո գործող ոլորտային առանձնացված ենթակառուցվածքների օպերատորի մոդելն է, որը «fair-play»-ի սկզբունքով վարձակալության է հանձնում իր ցանցը լիցենզավորված կապի օպերատորներին: Վերջիններս «վաճառում են» ինտերնետ, շարժական կապի ծառայություններ, TV, կոնտենտ և այլն: Ընդ որում, ենթակառուցվածքների օպերատորը կարող է լինել և՛ մասնավոր, և՛ մասնավոր-պետական համագործակցությամբ (PPP):
Սահմանափակ բաժանորդային բազայով փոքր մրցակցային շուկաներում գերակայում է երկրորդ` «կոնսոլիդացիաների» մոդելը: Ի վերջո, եթե հնարավոր չէ վարձակալել տելեկոմ ցանց, գոնե միավորմամբ կարելի է բիզնես կայունություն բերել շուկայում` ցանցի ներդրման կապիտալ ծախսերի (CapEx) և սպասարկման օպերացիոն ծախսերի կրճատմամբ (OpEx): Կոնսոլիդացիաները հնարավորություն են ընձեռում բացառել մի քամի զուգահեռ ենթակառուցվածքների շինարարությունը: Զուգահեռներ տանելով՝ պատկերացրեք՝ ինչպիսի ներդրումների փոշիացում կլիներ, եթե Երևանում ջրամատակարարման օպերատորները լինեին մի քանիսը, և յուրաքանչյուրը կառուցեր և սպասարկեր իր սեփական ջրամատակարարման ցանցը: Հետևաբար կոնսոլիդացիան բերում է ներդրումների արդյունավետության բարձրացման, ներդրումային ցիկլի (ետգնման ժամկետների) կրճատման և ծառայությունների ինքնարժեքի նվազման: Այս ամենի արդյունքում բաժանորդներին շարունակաբար` տարեց տարի տրամադրվում են առավել արդիական և նորարար ծառայություններ առավել մատչելի գներով:
Կառավարման խորհրդատվության ոլորտում հայտնի «Capital Confidence Barometer»-ի տվյալներով միայն 2017 թ.-ին տելեկոմների կոնսոլիդացիաների (M&A) արդյունքում հրապարակված գործարքների թիվը գերազանցել է 117 միլիարդ դոլարը: ԱՊՀ տարածքում միավորումները գերազանցում են մեկ տասնյակը: Իսկ ներկայումս, հատկապես պանդեմիայից հետո, ըստ EY-ի զեկույցի, տելեկոմի համաշխարհային խաղացողների 59%-ը դիտարկում է միավորման որևէ տարբերակ (ընդ որում, 45%-ը՝ մեկ այլ տելեկոմ օպերատորի հետ և 52%-ը՝ այլ ոլորտային խաղացողի հետ, ներառյալ բանկեր ու մեդիաներ):
Ոլորտի կենսունակության մեծ ռիսկայնություն անկեղծության բարձր մակարդակում
Վերջերս հետաքրքիր զրույց ունեցա դստերս հետ, ով շուտով ավագ դպրոց կգնա: Մենք խոսում էինք ապագայի մասնագիտություններից և այն մասին, թե որ ոլորտները կենսունակ կլինեն հեռանկարում: Տելեկոմ բիզնեսը փոփոխվող ու կենսունակության կռիվ տվողների շարքում դասեցինք:
Իսկապես, Հայաստանում տելեկոմ խաղացողները եկամուտների նոր ու ինովատիվ աղբյուրներ պետք է փնտրեն, և այստեղ երկրորդ տարբերակ չկա: Կամ անկեղծ չեն կամ ոլորտին չեն տիրապետում այն մարդիկ, ովքեր երազկոտ տերմինաբանությամբ «5G»-ի ու «նոր սերնդի գերարագ ցանցի» երգն են երգում՝ մոռանալով, որ տելեկոմները նախ և առաջ տնտեսվարողներ են ու ոչ բարեգործական կազմակերպություններ, ու եթե շահութաբերություն չլինի, ընկերությունները կփլվեն մեկը մյուսի հետևից, իսկ դա շատ ավելի մեծ վնաս կհասցնի տնտեսությանը:
Այսօր Ucom-ում մենք մեր առջև խնդիր ենք դրել բարձրացնել օպերացիոն արդյունավետությունն ու չենք վախենում բարձրաձայն ասել, որ նախ առավելապես պետք է մոնետիզացնենք արդեն իսկ ներդրված ենթակառուցվածքները, ապա համարձակ ներդրումներ անենք խաղի կանոնները փոխող` disruptive, լուծումների համար:
Այսօր մենք թվային վերափոխում ենք իրականացնում մեր բոլոր ֆունկցիոնալ բաժիններում և չենք ամաչում ասել, որ Ucom-ի ներսում դեռևս աշխատանքի ուղղություններ կան, որոնցում արդյունավետ լուծումները բացակայում են: Իսկ վերջին հարցը ու նմանատիպ հարցերի կարգավորումն իրականացնում ենք որոշումների կայացման արագ ու հարմարվողական լուծումներով: Ի պատիվ մեր գործադիր կազմի ու աշխատակիցների, պետք է նշեմ, որ մեծ կայուն առաջընթաց ունենք:
Պանդեմիան՝ փոփոխությունների կառավարման մենեջեր
Մի այսպիսի հումոր կա. ասում են` մեր ընկերության թվայնացման պատասխանատուն Covid-19-ը դարձավ: Հիրավի, պանդեմիան ամբողջ աշխարհում թվային վերափոխման արագացված կուրս էր, որի արդյունքում 1 տարում մոտ 5 տարվա փոփոխություն արձանագրվեց: Տելեկոմի համար իրավիճակը հատկապես հետաքրքիր էր կոնտենտի սպառման վեկտորների փոփոխության տեսանկյունից:
Հետպանդեմիայի աշխարհում տելեկոմն ամրապնդեց դիրքերը որպես կոնսոլիդացված ծառայությունների մատակարար, որը ծնողի համար ապահովում է երեխայի անվտանգությունը սմարթ ժամացույցի միջոցով: Տելեկոմը Ձեր խելացի տունն է, որը սենյակի ջերմաստիճանի զեկույցն ու կարգավորումն ապահովում է հեռախոսի միջոցով: Տելեկոմը Ձեր էլեկտրոնային դրամապանակն է, Ձեր ծանուցումների ու գնումների համակարգը, պետական կառույցների հետ միասնական էլեկտրոնային կառավարման պատուհանն ու, վերջապես, Ձեր կրթությունն ու զվարճանքը:
Եթե հետևել եք, Ucom-ում արդեն տևական ժամանակ է՝ smart home խելացի սարքերի վաճառքի տարբերակներ ենք առաջարկում, հանրակրթական ալիք ունենք մեր IPTV-ով, վճարային համակարգ` uPay-ը և այլն: Մինչև պանդեմիան ես կարծում էի, որ դեռ ժամանակ ունենք բոլոր ուղղություններով ռազմավարական զարգացման, քանի որ շուկայում հաստատուն դիրքեր ունենք: Այժմ հասկանում եմ, որ այդ ժամանակը դեռ երեկ ավարտվեց, ու ոլորտի իմ միջազգային գործընկերների հետ հաճախ ենք խոսում այն մասին, որ այլևս բավական չէ նույն պրոդուկտի կամ ծառայության բարելավումը (upgrade): Ինովացիաները օդ ու ջուր է, ինչն ստանալու համար պետք է համարձակություն ունենանք փոխել նաև տելեկոմ բիզնեսի կառավարման մեթոդն ու կազմակերպական մեխանիզմը:
Տեղեկատվական անվտանգությունը՝ Հայաստանի գերակա խնդիր
Աշխարհում այսօր գլխավոր թեմաներն են big data-ն, ռոբոտաշինությունը, արհեստական բանականությունը… Այս բոլորը, անխոս, հնարավորությունների մեծ պատուհան են բացում տելեկոմի համար: Սակայն այսօր` հետպատերազմական Հայաստանում, ցավոք, մենք գերլարված աշխատում ենք նվազագույնի` տեղեկատվական անվտանգության ապահովման համար:
Որպես տնտեսվարող՝ մենք Ucom-ում ֆիդուցիար պատասխանատվություն ունենք մեր բաժնետերերի, մեր գործընկերների ու աշխատակազմի առաջ: Որպես կապի հայկական օպերատոր՝ մենք բարոյական պատասխանատվություն ունենք մեր հայրենիքի ու պետության առջև` ոչ մի պարագայում թույլ չտալ Հայաստանի տեղեկատվական բլոկադան: Տեղեկատվական անվտանգության ռիսկերի մասին արդեն նշել եմ, մնացյալը հրապարակայնություն չի ենթադրում:
Միայն պետք է ասեմ, որ հարցի լուծումներ, իհարկե, տեսնում ենք, սակայն այդ լուծումը մասնավոր դաշտից անխուսափելիորեն տեղափոխվում է միջպետական կարգավորման դաշտ, և անհրաժեշտ է՝ որոշում կայացնող մարմինները վերջապես պետական շահը վեր դասեն «թիմ-թիմ» խաղալու շահերից:
Ucom-ը՝ ուժեղ ու ադապտատիվ հայկական օպերատոր
Ամփոփելով, ուզում եմ հորդորել, որ զգոն ու պատասխանատու լինենք: Հաղթելու են նրանք, ովքեր այսօր արդեն մտածում են ապագայի մասին: Ու քիչ չէ միայն հիշելը, որ տելեկոմը երկրի ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներից միակներից է մնացել, որ հայկական կապիտալով օպերատոր ունի ու հայկական օրակարգ: Ucom-ն այսօր էլ երկրի համար տեղեկատվական անվտանգության և տարածաշրջանային ազդեցության պատուհան է բացում, և մենք կարողացել ենք Հայաստանն ինտերնետի տարանցման երկիր դարձնել: Ներկայումս բանակցում ենք նաև Հայաստանը բովանդակության «տարանցման» երկիր դարձնելու համար` միջազգային խոշորագույն ինտերնետ ընկերություններին Հայաստան բերելու և մեր երկրում ինտերնետային հաբ (PoP) տեղակայելու միջոցով:
Մյուս կողմից հավատացած եմ, որ բարձրագույն մակարդակով պետք է ճանաչվի հայկական օպերատորի կարևորությունը` երկրի տեղեկատվական անվտանգության և թվային սուվերենության տեսանկյունից: Այս առումով ենթակառուցվածքներ կիսելն ու կոնսոլիդացիաների հնարավորությունները դիտարկելը կարևորագույն անհրաժեշտություն է:
Հայաստանում, ինչպես այլուր, տելեկոմ ոլորտի բիզնես շարունակականության և բաժանորդների փոփոխվող կարիքները բավարարելու համար ահռելի մեծ ծավալի աշխատանք կա անելու: Բայց մարտահրավերները մեզ չեն վախեցնում. մենք ունենք գիտելիք ու կարողություն` իրագործելու մեր առաքելությունն ու պաշտպանելու մեր պետության շահերը:
Գուրգեն Խաչատրյան
Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ