ՀՀ Կենտրոնական բանկը ողջունում է Ucom պարտատոմսերի թողարկումը

ՀՀ Կենտրոնական բանկը ողջունում է Ucom պարտատոմսերի թողարկումը

25/05/2019

Օրերս տեղի ունեցավ 2019 թվականի ընթացքում ոչ ֆինանսական ընկերության՝ Ucom-ի կողմից իրականացված պարտատոմսերի առաջին թողարկումն ազդարարող միջոցառումը, որին ներկա էին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը և Հայաստանի գործարար աշխարհի մի շարք ներկայացուցիչներ։

«Սա նոր սկիզբ է ավելի լավ ֆինանսական շուկա ունենալու մեր ընկերության և մյուս ընկերությունների համար, որոնք կարող են այսպիսով ֆինանսական միջոցներ ներգրավել և նոր տնտեսական աճ ունենալ։ Վստահ եմ, որ մեր ընկերության կողմից թողարկված պարտատոմսերն ավելի արագ կգտնեն իրենց գնորդներին, քան մենք պատկերացնում ենք։ Պարտատոմսերի վաճառքից ստացված գումարն ուղղվելու է մեր ընկերությունում կապիտալ ներդրումներ իրականացնելու և Software as a Service (ծրագրային հավելվածները որպես ծառայություն) ռազմավարական ուղղությունը զարգացնելու համար», - ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար՝ 7,5% տարեկան եկամտաբերությամբ և 250 մլն ՀՀ դրամ՝ 11% տարեկան եկամտաբերությամբ։ 36 ամիս մարման ժամկետով անվանական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվելու են «Արմենբրոկ» բաց բաժնետիրական ընկերության միջոցով 2019 թ․ մայիսի 16-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։

«Տևական դադարից հետո առաջին դեպքն է, երբ ոչ ֆինանսական ընկերությունը հանդես է գալիս թողարկմամբ, և դա մենք շատ կարևորում ենք։ Սա համահունչ է նաև կառավարության ռազմավարությանը։ Այս պարտատոմսերի թողարկումը լավ հնարավորություն է ընկերության համար ստուգելու միջավայրը, հասկանալու ներդրողների տեսակետը, որից հետո կարող են ավելի մեծ քայլ իրականացնել, համենայն դեպս մենք այդ ակնկալիքն ունենք։ Հուսամ, որ այս օրինակը վարակիչ կլինի մյուս ընկերությունների համար, ճիշտ մրցակցություն կձևավորվի շուկայում, ներդրողներն ավելի կակտիվանան։ Իսկ դրանք աշխարհում մի քանի տրիլիոն ընկերություններից ավելի են, որ պատրաստ են ներդրումներ իրականացնել մեր երկրի նման երկրներում ու այսպիսի բարձր տոկոսադրույքներով պարտատոմսեր ձեռք բերել։ Որպես Կենտրոնական բանկի ներկայացուցիչ ես համարում եմ, որ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները կան և՛ տեղական, և՛ միջազգային թողարկումներ իրականացնելու համար։ Մենք պատրաստ ենք աջակցել ավելի մեծ գաղափարների իրագործման հարցում», - նշել է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։

Միջոցառման ընթացքում ընդգծվեց, որ Ucom պարտատոմսերի թողարկումը շահավետ է բոլոր կողմերի՝ թողարկողի, ներդրողների, տեղաբաշխողի, նաև պետության համար, ինչպես արժեթղթերի շուկայի կայացման, այնպես էլ տնտեսության առաջխաղացման տեսանկյունից։

«Պարտատոմսերի այսպիսի թողարկումներն աշխուժացնում և զարգացնում են արժեթղթերի շուկան և տնտեսությունը, քանի որ խնայողություններն ուղղակիորեն հոսում են դեպի տնտեսության իրական հատված։ Թողարկող ընկերությունը փաստացի դառնում է ավելի թափանցիկ ու հաշվետու և սկսում է իր եկամտով կիսվել իր հաճախորդների հետ», - ասել է «Արմենբրոկ» ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանը։

Գործարար աշխարհի ներկայացուցիչները կարևորել են նաև ներդրումային բանկերի ներգրավվածությունը կապիտալի շուկայի զարգացման գործում՝ դրա հիմնաքարը համարելով օրգանական աճը։

«Վերջապես գտնվեց ընկերություն, որը փորձեց ներդրումներ ներգրավել հանրությունից, ինչը անչափ ոգևորիչ է։ Հուսով եմ, որ Ucom-ի կողմից իրականացված պարտատոմսերի թողարկումը կլինի ընդօրինակելի։ Մոտակա մեկ տարվա ընթացքում լիահույս եմ, որ շրջանառության մեջ կունենանք նոր թողարկումներ նաև այլ ընկերությունների կողմից։ Եթե 2015 թվականին ունեինք տասից քիչ նոր թողարկումներ որոնք ցուցակվում էին բորսայում, այժմ յուրաքանչյուր տարի ավելի քան 30 պարտատոմսեր են թողարկվում։ Եթե 2016 թվականին ունեինք ընդամենը 13 մլն ԱՄՆ դոլարի թողարկում, ապա 2017 և 2018 թվականներին թողարկումների սահմանաչափը գերազանցում է 150 մլն ԱՄՆ դոլարի շեմը։ Այս պահին ունենք 300 մլն դոլարին համարժեք անվանական արժեքով կորպորատիվ պարտատոմսեր, իսկ պետական պարտատոմսերն անցնում են 1 մլրդ ԱՄՆ դոլարի շեմը։ Այսինքն աճի դինամիկան կա, և ամենաոգևորիչ խթաններից մեկն այս տարվա առաջին ոչ ֆինանսական կառույցի կողմից իրականացված թողարկումն է», - ասել է Հայաստանի Ֆոնդային բորսայի տնօրեն Հայկ Եգանյանը։   

Հավելենք, որ պարտատոմսերի հրապարակային առաջարկի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: