Ucom-ի տնօրենը բաց դաս անցկացրեց Կոշի «Արմաթ» լաբորատորիայի սաների և «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի աշակերտների համար
01/12/2018
Ucom ընկերության և «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Տեխնոլոգիաները հանուն կրթության» կարգախոսի ներքո իրականացվող գործակցության շրջանակներում երկու ընկերությունների ղեկավարներն այցելել են Արագածոտնի մարզի Կոշ համայնքի միջնակարգ դպրոց։ Ucom ընկերության համահիմնադիրը տեխնիկական ուղվածության բաց դասով է հանդես եկել դպրոցում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի 18 սաների և նրանց հարևան համայնքում՝ Լեռնարոտում սովորող թվով 12 աշակերտների համար։ Վերջիններս «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի Առաջնորդության զարգացման ծրագրի շրջանակում գյուղում կենսաբանություն դասավանդող Անուշ Մելքոնյանի աշակերտներն են, ով այս տարի է գործուղվել համայնք։
Այս այցը մասնավերապես Լեռնարոտի աշակերտների համար ճանաչողական բնույթի էր. նրանք հնարավորություն են ստացել ծանոթանալու հարևան գյուղի իրենց հասակակիցների հետ, ծանոթացել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի գործունեությանը, ինչպես նաև ակտիվ մասնակցել են Ucom ընկերության համահիմնադիր Հայկ Եսայանի բաց դասին։
«Երեխաներին այս կարճ ժամանակահատվածում փորձեցի ներկայացնել, թե ուր է շարժվում աշխարհը, և որ կարևոր է՝ երեխաներն իրենց ոչ թե օգտատերերի դերում տեսնեն, այլ ստանձնեն ստեղծողի պատասխանատվությունը։ Երբ կանգնեն սեփական մասնագիտացման ընտրության առջև, պետք է ճիշտ որոշում կայացնեն․ որովհետև մենք բոլորս հասկանում ենք, որ արհեստական բանականության, համակարգչային տեխնիկայի, ցանցային տրամաբանության, նեյրոնային ցանցերի զարգացումը բերելու է բավականին մեծ թվով մասնագիտությունների վերացմանը։ Եթե այսօր մեր երեխաներին սա չպատմենք, չաջակցենք կողմնորոշվելու հարցում, վաղը նրանք, վերացող մասնագիտություններն ընտրելով, չեն կարողանալու ավելի արժեքավոր բան ստեղծել», - ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
«Ուրախ եմ Ucom և «Դասավանդի՛ր, Հայաստան» համագործակցության փաստով։ Արժևորելով այն դերը, որը Հայաստանը ցանկանում է ստանձնել ՏՀՏ ոլորտում, ուզում եմ ընդգծել, որ «Արմաթ»-ների գործունեությունը հենց դպրոցի տարածքում երևի թե ամենակարևոր քայլն է դեպի ապագա, դեպի երկրի զարգացում։ Այդ առումով անելիքները շատ են», - նշել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր և ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը։
Հավելենք, որ ԱՏՁՄ-ի և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը անձամբ պարբերաբար այցելում է արդեն իսկ գործող «Արմաթ» խմբակներ, շփվում դպրոցականների հետ, ծանոթանում նրանց ձեռքբերումներին ու առաջադիմությանը:
«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագիրը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։
«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։