Ucom-ն Արցախի համար՝ վերազինված ՊԲ տեղեկատվական կենտրոն և նվերներ Ալաշան գյուղի դպրոցին
26/10/2017
Արցախի պաշտպանության բանակն արդեն ունի տեխնիկապես վերազինված տեղեկատվական կենտրոն: Այն ստեղծվել է Ucom ընկերության օժանդակությամբ, իսկ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ը պատրաստակամություն է հայտնել օգնել կադրերի վերապատրաստման հարցում:
ՊԲ տեղեկատվական համակարգի տեխնիկական և մարդկային կարողությունների մշտական արդիականացման հարցում ինստիտուցիոնալ համագործակցության վերաբերյալ ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն ասաց, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կարևորում է վերազինված տեղեկատվական կենտրոն ունենալը, ինչում նախարարության մասնագետները համոզվել են Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո:
«Ucom» ընկերության խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Ucom» ընկերությունը շարունակում է Հայաստանում և հատկապես Արցախում սահմանային անվտանգության համակարգերի համազինումը. «Կոնկրետ արդյունքներ ունենք, որոնք շատ դրական են, չնայած դրան` անելիքներ շատ կան»:
«Արցախում բացեցինք տեղեկատվական կենտրոն, որը պատերազմական երկրում անհրաժեշտություն է, որպեսզի լրատվությունը լինի հրատապ և հասարակությունը տեղյակ լինի կատարվող իրադարձություններից: Փորձը, որը ձեռք է բերում մեր թիմը, ժամանակ առ ժամանակ կկիսենք տեղի համակարգերի համազինման համար: Կան յուրահատկություններ, որոնց մասին չեմ կարող խոսել, բայց գովելի արդյունքներ կան, օրինակ՝ սահմանային անվտանգության համակարգերի համազինումը: Այստեղ անսահմանափակ զարգացման տեղ ունենք», – ավելացրեց նա:
«Ucom» ընկերության խորհրդի նախագահն ասաց, որ «Ucom»-ը միշտ լինելու է այդ համակարգերի կատարելագործման, փորձի փոխանակման և ընդհանուր կազմակերպչական հարցերի առաջնագծում:
Ավելին, Ucom հիմնադրամն Արցախի Հանրապետության Ալաշան գյուղի դպրոցին նվիրաբերեց ջեռուցող սարքեր, համակարգիչներ ու տպիչներ: Դպրոցի 31 աշակերտին Ucom հիմնադրամը ֆինանսական օգնություն ցուցաբերեց:
Նշենք, որ Ալաշան գյուղում ապրիլյան պատերազմից հետո բնակվում են թալիշցիներ, գյուղը դրանից առաջ բնակեցված չի եղել:
Ucom–ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ucom հիմնադրամը տեխնոլոգիապես զարգացող ընկերություն է և Արցախում կարևորում է թալիշցի երեխաներին աջակցություն ցուցաբերելը:
«Հիմնադրամի միջոցով փորձեցինք մի փոքր ավելի լավ պայմաններ ստեղծել երեխաների համար, որպեսզի մինչև հայրենի գյուղ վերադառնալը նրանք իրենց զգան ինչպես տանը: Մեր ընկերությունը կարևորում է նման աջակցությունը և՛ սոցիալապես, և՛ տեխնոլոգիապես: Ես վստահ եմ, որ իրենց՝ Թալիշ վերադառնալուն պես մենք կրկին աջակցություն կցուցաբերենք, որպեսզի երեխաները տեսնեն, որ մեր ընկերությունը և մենք իրենց կողքին ենք, և իրենց հույսն ու հավատը չկորցնեն», - ասաց Եսայանը:
Նա ասաց, որ պատասխանատվության զգացում ունի Արցախի հողի նկատմամբ, իսկ դպրոցին փոքր օգնություն ցուցաբերելը նշանակում է մեկ մեխ խփել դպրոցի վերազինման գործում. «Որպեսզի երեխաները տեսնեն, որ գիտելիքն է ապագան և հենց այդ գիտելիքն է այս հողի վրա կարևոր արժեքներ ստեղծելու»: