ԴիջիԹեք 2017. Տեխնոլոգիական տոները մեկնարկում են 2 օրից

ԴիջիԹեք 2017. Տեխնոլոգիական տոները մեկնարկում են 2 օրից

27/09/2017

Երկու օրից` սեպտեմբերի 29-ին, Մերգելյան ինստիտուտի տարածքում կմեկնարկի 13-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը: Այս և ԴիջիԹեքի այլ նորությունների մասին այսօր խոսել են ԴիջիԹեք ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և պլատինե հովանավոր՝ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Եռօրյա տեխնոլոգիական ցուցահանդեսում կներկայացվեն հայկական տեխնոհսկաների, նորաստեղծ և այլ ընկերությունների, ու անգամ դպրոցականների նորարար պրոդուկտներն ու տեխնոլոգիական լուծումները: Կանցկացվի ռոբոտների 10-րդ առաջնությունը, եռաչափ մոդելավորման մրցույթ և այլն:

ԴիջիԹեքն այս տարի աննախադեպ կլինի միջազգային ընկերությունների և պատվիրակությունների մասնակցությամբ ու լայն աշխարհագրությամբ. Ճապոնիա (Հայ-ճապոնական ֆորում), Չինաստան, Հնդկաստան, ԱՄՆ, Կանադա, Անգլիա, ՌԴ, Շվեդիա, Ավստրիա, Գերմանիա, Հունաստան, Լատվիա, Լիտվիա, Բելառուս, Ուկրաինա և այլն: Մասնակիցների և պատվավոր հյուրերի ամբողջական ցանկը ներկայացված է digitec.am կայքում:

ԴիջիԹեքի շրջանակում անցկացվում են մի շարք սեմինարներ, ինչպես տեղական առաջատար, այնպես էլ միջազգային ընկերությունների կողմից (Joomag, Nextury Ventures- Ilja Laurs, Cananadian Showcase, UFAR, ARPA, Benivo-Dmitry Brodsky, Arnaud Belhamou և այլն): Օրակարգն՝ այստեղ:

Գործում է նաև DigiTec Expo բջջային հավելվածը, որը կօգնի կողմնորոշվել ԴիջիԹեքի բոլոր միջոցառումներում, ինչպես նաև գտնել մասնակից ընկերությունների թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն, նշանակել հանդիպումներ և այլն:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է. «Այս տարիների ընթացքում ԴիջիԹեքը վերածվել է նաև միջազգային խոշոր հարթակի: Ուրախ ենք, որ հայկական այս հարթակում հյուրընկալում ենք ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ընկերությունների ու պատվիրակությունների, և աջակցում տեխնոլոգիական նոր համագործակցությունների ստեղծմանը»:

«Այն բոլոր նորարարական առաջարկները, որոնց մասին Ucom ընկերությունը հայտարարել է նախորդ տարվա ԴիջիԹեքին, այս տարի արդեն հասանելի են զանգվածային շուկայի համար: Դրանք են U!Pay վիրտուալ դրամապանակը, MediaRoom շարժական հեռուստատեսությունը, U!Cloud ամպային լուծումները և այլն: Այս տարի Ucom-ը հանդես է գալիս հեղափոխական` «Ունիվերսալ Պլյուս» առաջարկով՝ մեր բաժանորդներին ընձեռելով բացառիկ հնարավորություն մեկ SIM-քարտում համատեղելու երկու հեռախոսահամար՝ հայկական և ռուսական. հայկական համարը` Հայաստանում օգտագործելու համար, ռուսականը՝ Ռուսաստանում: Նմանօրինակ առաջարկների աշխարհագրությունն ընդլայնվելու է՝ Ucom-ին դարձնելով իրապես համահայկական օպերատոր», նշում է ԴիջիԹեքի պլատինե հովանավոր, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

ԴիջիԹեք ցուցահանդեսը տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսն ու B2B, B2C շփման հարթակն է: «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող եռօրյա ցուցահանդեսը տարիների ընթացքում իսկական տոնի և ՏՏ ոլորտի ստուգատեսի է վերածվել տեխնոհասարակության համար:

ԴիջիԹեքը իրականացվում է 2005 թ.ից ԻՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: ԴիջիԹեք 2017-ի պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը, պաշտոնական գործընկերներն են Dahua Technology ընկերությունն (Չինաստան) ու «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը*: Այս տարի ակնկալվում է շուրջ 150 մասնակից ընկերություն և 70 000 այցելու:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: