Discovery Science-ը և Ucom ընկերությունն ամփոփեցին երիտասարդ գիտնականների և նորարարների մրցույթի արդյունքները
25/09/2017
Ապագայի հաղորդակցման միջոցների մասին լավագույն գաղափարի հեղինակներ Սամսոն և Հրանտ Հայրապետյանները կմեկնեն Նիդերլանդներ և կայցելեն Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր գրասենյակ
Այսօր Ucom-ի գրասենյակում ամփոփվեցին Discovery Science ճանաչողական, ժամանցային ալիքի և Ucom ընկերության կողմից հայտարարված երիտասարդ գիտնականների և նորարարների մրցույթի արդյունքները: Ապագայի հաղորդակցման միջոցների մասին նորարար և խիստ արդիական գաղափարի հեղինակները՝ եղբայրներ Սամսոն և Հրանտ Հայրապետյանները, ճանաչվեցին հաղթող և արժանացան Ամստերդամում Եվրոպական տիեզերական գործակալության գլխավոր գրասենյակ մեկնելու պատվին:
Ռուսաստանաբնակ Հայրապետյան եղբայրներն իրենց ամառային արձակուրդը Հայաստանում են անցկացրել: Մրցույթի մասին տեղեկանալով՝ երեք գաղափար են ներկայացրել, որոնցից ժյուրիի անդամներին առավելապես տպավորել է խուլ ու համրերի համար նախատեսված սարքը: Սարքը ձեռքին են կրում այնպես, որ այն կարողանա ձեռքի շարժումները վերարտադրել ձայնային տարբերակով, իսկ ձայնը հոլոգրաֆիկ տեսախցիկի օգնությամբ փոխակերպել տեսատարբերակի:
Մրցույթի ժյուրիի առանձնահատուկ ուշադրությանը և շնորհակալագրի է արժանացել 12-ամյա գյումրեցի Նարեկ Հարությունյանի եռաչափ հաղորդակցման մասին գաղափարը: Նարեկը «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան է: Ըստ նրա` ապագայում մարդիկ կունենան այնպիսի սարք, որը թույլ կտա Երևանում գտնվող մեկին և, օրինակ, Փարիզում բնակվող մեկ ուրիշի հանդիպել միմյանց աշխարհի ցանկացած կետում: Սարքը թույլ կտա տեսնել իրար, օրինակ, Գերմանիայի սրճարաններից մեկում:
«Ucom ընկերությունը շարունակական աջակցություն է ցուցաբերում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին, որոնց ներուժն իսկապես մեծ է: Ուրախ եմ, որ նման միջազգային մրցույթներում «Արմաթ»-ի սաներն ապացուցում են իրենց մրցունակությունը և դրվատանքի են արժանանում», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Ժյուրիի անդամներին տպավորել է նաև «Այբ» դպրոցի բարձր դասարանների աշակերտներ Անի Ազնաուրյանի, Արեն Ազնաուրյանի և Դավիթ Աբրահամյանի կողմից մշակված և հետաքրքիր տեսահոլովակի միջոցով ներկայացված գաղափարը: Ըստ պատանի գիտնականների՝ ապագայի հաղորդակցումը կկատարվի այնպիսի ցանցի միջոցով, որը չի ստեղծի բնապահպանական խնդիրներ, կօգտագործի արևային էներգիայի հզորությունը, կարտադրի թթվածին ու կնպաստի կանաչ տարածքների ընդլայնմանը:
Վերջին երկու նախագծերի հեղինակներն ստացել են խրախուսական մրցանակներ և շնորհակալագրեր: Հիշեցնենք, որ մրցույթին կարող էին մասնակցել մինչև 16 տարեկան բարձր դասարանների աշակերտները: Նրանք պետք է վառ գաղափարներ ներկայացնեին այն մասին, թե ինչպես են մարդիկ միմյանց հետ հաղորդակցվելու ապագայում: