Պարզաբանում «Յուքոմից». ընտրատեղամասերում ընկերության ցանցն աշխատում է անխափան, տեսանկարահանման խնդիրների համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում
02/04/2017
Մամուլում տեղ գտած ԱԺ ընտրությունների տեսանկարահանման հետ կապված մի շարք հրապարակումներին ի պատասխան «Յուքոմ» ընկերությունը պարզաբանում է և հիշեցնում։
Ընտրատեղամասերում անցկացված կապի հասանելիության ծառայությունը գործում է անխափան, «Յուքոմ» ընկերությունը պատասխանատու է միայն այս ծառայության ապահավման համար, իսկ այլ հարցերը, կապված, օրինակ՝ տեսախցիկների քանակի, տեղադրման, գործարկման, դրանց հետևելու կայքի աշխատանքի, տեղամասերի հասցեների ընտրության հետ, դուրս են «Յուքոմ» ընկերության գործառույթներից և ենթակա են պարզաբանման միայն «Ի ԱՅ ՍԻ Տելեկոմ» լիազոր ներկայացուցիչների կողմից։
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին առցանց հետևելու գործընթացը կազմակերպելու նպատակով վերջին մեկ ամսվա ընթացքում կապի տեխնոլոգիայի նորագույն միջոցներն օգտագործելով ընկերությունն իրականացրել է կապի ապահովման հսկայածավալ աշխատանքներ, ինչի արդյունքում ցանցն անխափան կերպով աշխատում է, ու ներկա պահին «Յուքոմի» 250 աշխատակիցներ ուշիուշով հետևում են կապի սահուն տրամադրման ընթացքին և ամեն վայրկյան պատրաստ են արագ արձագանքելու կապի տրամադրման հետ կապված ցանկացած խնդրի։ Ավելին՝ վաղ առավոտից ԿԸՀ առանց որևէ խնդրի դիտում է առցանց հեռարձակումը։