Ucom-ը կարևորում է համացանցի ապահով օգտագործումը

Ucom-ը կարևորում է համացանցի ապահով օգտագործումը

07/02/2017

Այսօր՝ փետրվարի 7-ին երկրագնդի բոլոր մայրցամաքների ավելի քան 100 երկրներում արդեն 12-րդ անգամ նշվում է Ապահով համացանցի օրը: Այս տարի օրն անցնում է «Փոխվե՛նք. միավորվե՛նք հանուն ավելի լավ համացանցի» կարգախոսի ներքո, որով բոլոր օգտատերերին կոչ է արվում միավորել ջանքերը՝ բոլորի, իսկ մասնավորապես՝ երեխաների ու երիտասարդների համար համացանցն առավել ապահով ու լավը դարձնելու նպատակով:

Ucom-ը «Մեդիակրթության կենտրոն» և «Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների հետ համատեղ այսօրվանից մեկնարկում է «Ապահով համացանց Հայաստան 2017» վեցամսյա ծրագիրը, որի շրջանակներում մայրաքաղաքի և մարզերի մի շարք դպրոցներում կանցկացվեն բաց դասեր համացանցի և թվային տեխնոլոգիաների ապահով օգտագործման վերաբերյալ: Կտպագրվեն ու կհրապարակվեն հայալեզու կրթական ձեռնարկներ, որոնք հատուկ մշակվել են համացանցային էթիկայի ու ապահովության խնդիրների շուրջ խորհրդատվություն տրամադրելու նպատակով:

Ծրագրով նախատեսվում է նաև երկու հանրապետական մրցույթների կազմակերպումը: Մրցույթները թույլ կտան ծնողների ու երեխաների շրջանում լայնորեն տարածել համացանցում ապահովության առանցքային դրույթները, իսկ յուրաքանչյուր դպրոցին հնարավորություն կընձեռեն ցուցադրելու թեմային առնչվող բոլոր կրթական նախաձեռնությունները: «Ապահով համացանց Հայաստան 2017» ծրագիրն այս տարի կներառի նոր կրթական բաղադրիչ Գիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն և Մաթեմատիկա առարկաները դասավանդող ուսուցիչների համար:

Համացանցի ապահով և պատասխանատու օգտագործման վերաբերյալ իրազեկության բարձրացմանը կնպաստեն նաև սեմինարները, դպրոցահասակների, նրանց ծնողների և ուսուցիչների համար նախատեսված առաջադրանքները, տեսանյութերը, խաղերը, գրքերը, մեդիա իրադարձությունները և այլ գործնական քայլերը:

«Ucom-ն իր սոցիալական պատասխանատվության շրջանակներում մեծ ուշադրություն է դարձնում կրթական ծրագրերին, որի ամենավառ օրինակներից են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները: Այդ լաբորատորիաների սաները սովորում են ամենակարևորը՝ ստեղծելը, ոչ թե սպառելը: Համոզված եմ, որ ստեղծարար ուղեղն ավելի արագ է գիտակցում ու սերտում համացանցում ապահովության բանալիները: Երեխաներին ու նրանց ծնողներին կոչ եմ անում լինել առավել պատասխանատու ու միշտ մտապահել այդ պարզագույն տեղեկատվությունը», - ասել է Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը:

Ինչպես նշեց «Մեդիկրթության կենտրոն»-ի տնօրեն Հայկազ Բաղյանը, ցանկալի է, որ երեխաները հնարավորինս վաղ տարիքից ձևավորեն ճիշտ համացանցային սովորություններ, օրինակ՝ գնահատեն անձնական բնույթի տեղեկությունները,  սովորեն ինքնուրույն կիրառել անվտանգության և մասնավոր կյանքի գաղտնիության կարգավորումներն իրենց նախընտրած խաղերում, հավելվածներում կամ գործիքներում: Հորդորենք երեխաներին մտածել գործելուց առաջ, զգուշանալ այնպիսի կայքերից  կամ հաղորդագրություններից, որոնք կոչ են անում գործելու անմիջապես, առաջարկում են չափազանց գրավիչ բաներ կամ հայցում են անձնական բնույթի տեղեկություններ:  Երեխաները պետք է սովորեն  ուշադիր լինել յուրաքանչյուր կոճակը սեղմելիս և գիտակցեն, որ իրենց գործողությունները կարող են ունենան դրական կամ բացասական ազդեցություն այլ մարդկանց վրա:

Բոլոր նրանք, ովքեր անհանգստանում են իրենց երեխաների կողմից սպառված ինտերնետային բովանդակության բնույթով և անվտանգությամբ, կարող են այցելել  www.safe.am կայքը, որտեղ տեղադրված են անհրաժեշտ տեղեկություններ եւ խորհուրդներ հայերեն լեզվով` ցանցից ապահով օգտվելու համար:

Հիշեցնենք, որ «Ապահով համացանց» ծրագիրը նվիրված է Ապահով համացանցի միջազգային օրվան, որը նշվում է  սկսած 2004-ից յուրաքանչյուր տարվա երկրորդ ամսվա երկրորդ շաբաթվա երկրորդ օրը: Համաեվրոպական INSAFE նախաձեռնությունը, տարեցտարի ընդլայնվելով, մարդկանց համախբում է` պայքարելու ապօրինի, վնասակար եւ ոչ պատշաճ բովանդակության դեմ: 

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: