Ucom-ը շարունակում է հետևել ու աջակցել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին

Ucom-ը շարունակում է հետևել ու աջակցել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին

03/02/2017

Օրերս Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաները հյուրընկալել էին նախագծի պատասխանատուներին Ucom ընկերությունից և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ):    

Շրջայցի ժամանակ «Արմաթի» սաները ցուցադրել են այն ամենն, ինչ սովորել են վերջին տարվա ընթացքում: Սաները հմտացել են «Աղվես» և «Կրիա» ծրագրերի օգնությամբ խաղեր ստեղծելու, մուլտֆիլմեր պատրաստելու, մաթեմատիկական հաշվարկներ իրականացնելու, եռաչափ տպիչով առարկաներ մոդելավորելու ու տպելու մեջ: Բացի այդ, այստեղ նրանք տարբեր սարքավորումների և ռոբոտների մոդելներ նախագծելու հնարավորություն ունեն:

«Մասնակցել ենք հանրապետությունում կազմակերպվող գրեթե բոլոր միջոցառումներին ու մրցույթներին և հիմնականում մրցանակային տեղեր ենք զբաղեցրել: Որպես օրինակ կարող եմ նշել ական փնտրող ռոբոտների մրցույթը, որը շատերին հնարավորություն է ընձեռում իր լուման ներդնել ռազմաարդյունաբերության զարգացման մեջ և անել այնպես, որ ականները փնտրեն ռոբոտները, այլ ո՛չ մարդիկ», - պատմում է Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Սոնա Հարությունյանը:

«Մենք միշտ հպարտանում ենք արտերկրում բնակվող հայազգի ինժեներների առաջարկած տարբեր նորարարական լուծումներով: Վստահ եմ, որ վաղն Արմաթ լաբորատորիաների սաներից շատերի անունները նույնպիսի հպարտությամբ ենք նշելու, ընդ որում հենց այստեղ՝ Հայաստանում, որը բաց է այդ լուծումների համար», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

Հիշեցնենք, որ ԻՏՁՄ-ի և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը  ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող  շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Նախագիծը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։

 «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: