ՀՀ հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային գյուղերում ապրող մարդիկ անհատույց հիմունքներով կօգտվեն ինտերնետից
29/06/2016
Ս.թ. հունիսի 29-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունենալու փոխըմբռնման հուշագրի ստորագրում ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների, «Յուքոմ» ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջև:
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության» ծրագրի շրջանակում 2014 թվականին ՀՀ հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող 344 գյուղական բնակավայրերում տեղադրվել են ինտերնետ հասանելիության անլար (Wi-Fi երթուղիչ) սարքեր, և 1 տարի նշված գյուղերի բնակիչներին տրամադրվել է անվճար ինտերնետ: Ծրագրի իրականացման արդյունքում նշված վայրերում արձանագրվել է ինտերնետի օգտագործողների թվաքանակի աննախադեպ աճ: Բազմաթիվ են եղել դրական արձագանքները թե´ երիտասարդների, թե´ մեծահասակների կողմից, ինչն ավելի է խրախուսում Ծրագրի շարունակականության ապահովումը:
Ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աջակցությամբ և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի համակարգմամբ:
Կարևորելով Հայաստանում տեղեկատվական հասարակության կայացումը, ինտերնետային հասանելիության ընդլայնումը ՀՀ տարածքում և հատկապես հանրապետության հեռավոր, սահմանամերձ, բարձրլեռնային, լեռնային գյուղերում, ինչպես նաև նշված գյուղերի բնակչությանն առաջիկայում ևս անվճար հիմունքներով ինտերնետից օգտվելու հնարավորության ընձեռումը` «Յուքոմ» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել հովանավորչական հիմունքներով Ծրագրում ներառված և ընկերության 3G ծածկույթում գտնվող գյուղական համայնքներում անլար երթուղիչ սարքերի միջոցով անհատույց հիմունքներով շարունակել ապահովել ինտերնետի տրամադրումը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն իրենց հերթին պատրաստ են ջանքեր ներդնել` «Յուքոմ»-ի կողմից Ծրագրի շրջանակում իրականացվող հովանավորչական գործունեության մասին տարբեր հնարավոր հարթակներում հանրային իրազեկում իրականացնելու ուղղությամբ: