Ucom-ի աջակցությամբ Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք դպրոցներում ևս գործում են «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներ
28/06/2016
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և Ucom ընկերության աջակցությամբ հունիսի 22-24-ը թվով 12 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ են բացվել Շիրակի և Արագածոտնի մարզերում: Շիրակի մարզում լաբորատորիաները գործում են Գյումրիի «Ընտանիք կենտրոնի», թիվ 2-րդ ու ՀՊՃՀ-ի ավագ դպրոցների, Ախուրյանի դպրոցի, Երազգավորսի, Բագրավանի, Նոր կյանքի, Փանիկի միջնակարգ ու Արթիկի թիվ 1 հիմնական դպրոցներում: Իսկ Արագածոտնում՝ Կոշի միջնակարգ, Աշտարակի թիվ 5 ու Թալինի ավագ դպրոցներում:
«Ապագայի ալգորիթմը» կարգախոսի ներքո իրականացվող այս նախագիծը հնարավորություն է տալիս գործնականորեն աջակցելու Հայաստանի և համաշխարհային շուկայում որակյալ ՏՏ մասնագետների ինտեգրման, նրանց միջև փորձի փոխանակման, նաև՝ ՏՏ ոլորտում մեծ ծավալի ներդրումների ներգրավման գործընթացին։ Հատկանշական է, որ «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Համակարգչային ծրագրերն ու համակարգերը հնարավորինս հայաֆիկացվում են, իսկ նախագծի իրականացման շրջանակներում սարքավորումներ և ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի-համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։
Հիշեցնենք, որ ԻՏՁՄ-ի և Ucom ընկերության միջև տարեսկզբին ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերության աջակցությամբ Հայաստանի 9 մարզերում հիմնվում են «Արմաթ» անվանումը կրող շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, խոսելով ինժեներական կրթության անհրաժեշտության մասին, ասել է. «Արմաթ» խմբակ-լաբորատորիաներում, սովորելով ընդամենը 3-4 տարի, աշակերտները ձեռք են բերում այնպիսի հմտություններ, որի օգնությամբ կարող են աշխատանք գտնել տեխնոլոգիական ոլորտում»: Կ. Վարդանյանը նաև շնորհակալություն է հայտնել Ucom հայկական օպերատորին, որը ներդրում է կատարում հայ երիտասարդների ապագայի և տեխնոլոգիական Հայաստանի կերտման գործում:
Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը նշել է. «Եթե մեկ-երկու տարի հետո աշակերտները կարողանան ինքնուրույն կերպով եռաչափ տպիչ մոդելավորել և իրենց իսկ աշխատանքի արդյունքը նվիրել հարևան համայնքների դպրոցներին, ավելի հեռու ապագայում լրջագույն հաջողությունների կհասնեն: Այս խմբակ-լաբորատորիաները նրանց ստեղծարար կյանքի ու ստեղծարար մտքի ձևավորման հիմքն են»:
Թեև ԻՏՁՄ-ն ծրագրում է աջակից ընկերությունների ու ՀՀ կառավարության շնորհիվ «Արմաթ» լաբորատորիաներ հիմնել ՀՀ բոլոր դպրոցներում, միաժամանակ տեղեկացնում է, որ ինժեներությամբ հետաքրքրվող աշակերտները, որոնց դպրոցներում դեռևս չկան նման լաբորատորիաներ, կարող են հաճախել մոտակա դպրոցներում ու բնակավայրերում գործող «Արմաթ» խմբակ-լաբորատորիաներ: