Եվս 70 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ կգործեն սահմանամերձ բնակավայրերում և մարզերում

Եվս 70 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ կգործեն սահմանամերձ բնակավայրերում և մարզերում

16/06/2016

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Ucom ընկերության միջև ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ վերջինս ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող  շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Նախագիծը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։

Ս.թ. հունիսի 10-14-ը «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաները բացվեցին Գեղարքունիքի մարզում Վարդենիկի կրթահամալիրի, Մարտունու Գեղհովիտի դպրոցի, Մարտունու ավագ դպրոցի, Գավառի և Կարմիր գյուղի երկու հիմնական դպրոցների, Ծովագյուղի միջնակարգ դպրոցի,  Սևանի ավագ դպրոցի, Դդմաշենի միջնակարգ դպրոցի, Տավուշի մարզում սահմանամերձ Ոսկեպարի, Սևքարի ու Այգեհովիտի դպրոցների, ինչպես նաև, Ազատամուտի, Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի ու նշված բնակավայրերին կից գյուղերում բնակվող աշակերտների համար։  

Նախագիծը հնարավորություն է տալիս գործնականորեն աջակցելու Հայաստանի և համաշխարհային շուկայում որակյալ ՏՏ մասնագետների ինտեգրման, նրանց միջև փորձի փոխանակման, նաև՝ ՏՏ ոլորտում մեծ ծավալի ներդրումների ներգրավման գործընթացին։ Հատկանշական է, որ խմբակներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաև սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Համակարգչային ծրագրերն ու համակարգերը հնարավորինս հայաֆիկացվում են, իսկ նախագծի իրականացման շրջանակներում սարքավորումներ և ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները և այլ սարքերը։

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, խոսելով ծրագրի ռազմավարական նշանակության մասին, նշում է, - «Մեր նպատակն է վերականգնել Հայաստանի՝ որպես ինժեներական երկրի իմիջը: Բացի այդ, ապրիլյան իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ միայն ինժեներական գիտելիքն է մեզ հնարավորություն տալու ստեղծել ժամանակակից ռազմական լուծումներ»: Կ. Վարդանյանը նաև ընդգծել է, որ այս քայլով իրենք նպաստում են մարզային զարգացմանը: Ինժեներական լաբորատորիաներում տեխնոլոգիական կրթություն ստացած աշակերտներն առաջիկայում կկարողանան ստեղծել ստարթափ ընկերություններ և հոգալ իրենց ընտանքի ու համայնքի կարիքները»:

«Որպես Հայաստանում ստեղծված և աշխատող ընկերություն մենք առանձնահատուկ կերպով կարևորում ենք սահմանամերձ բնակավայրերի աշակերտների ներգրավվածությունը նախագծում և վստահ ենք, որ Հայաստանի ցանկացած մարզում բնակվող ՏՏ մասնագետն իր գիտելիքներով և հմտություններով չի զիջելու աշխարհի առաջատար ՏՏ-ընկերություններում աշխատող օտարերկրյա մասնագետներին», - ասել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: