«Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրի շնորհիվ ևս երկու ընտանիք կայուն եկամուտ ապահովելու հնարավորություն ունեն

«Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրի շնորհիվ ևս երկու ընտանիք կայուն եկամուտ ապահովելու հնարավորություն ունեն

30/12/2016

Ucom Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ ջանքերով իրականացվող «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական նախագծի շնորհիվ Ucom-ի բաժանորդներն այս ամիս ևս աջակցեցին երկու ընտանիքի` կայուն եկամտի աղբյուր ստեղծելու գործում: Այս անգամ աջակցությունը տրամադրվել է Սյունիքի մարզում բնակվող երկու զավակների ծնողներ՝ Զաքարյանների և հինգ զավակներ ունեցող Բալայանների՝ ոչ լրիվ ընտանիքներին:

Զաքարյանների ընտանիքը բնակվում է բարեկամներից մեկի տանը, ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում: Ծնողներն ունեն բարձրագույն կրթություն, սակայն ապահովված չեն աշխատանքով և հնարավորություն չունեն հոգալու իրենց երկու տղաների նվազագույն կարիքները: Զաքարյանների ավագ որդին մանկուց հաշմանդամ է, ունի մանկական ուղեղային կաթվածի ախտորոշում: Ընտանիքի եկամտի աղբյուր են հանդիսանում հոր հաշմանդամության թոշակը և ընտանեկան աղքատության նպաստը, որը բավարար չէ Զաքարյանների անգամ ամենաառաջնային կարիքները հոգալու համար։ Ու թեպետ ընտանիքում սոցիալապես ծանր պայմանների հետևանքով բարդ իրավիճակ է ստեղծվել, ծնողները մեծ սիրով և հոգատարությամբ են շրջապատել իրենց զավակներին:  

Բալայանների ընտանիքում մայրը պատրաստվում էր իր հինգերորդ զավակին ունենալ, երբ ամուսինը հանկարծամահ եղավ սրտի կաթվածից՝ թողնելով երեխաների խնամքն ու դաստիարակությունը կնոջ ուսերին: Տունը, որտեղ բնակվում է Բալայանների ընտանիքը խիստ անբարվոք վիճակում է, եկամտի աղբյուրն էլ՝ ընտանեկան աղքատության նպաստն ու երեխաների միակողմանի ծնողազրկության թոշակն են, ինչը նույնպես բավարար չէ երեխաների առաջնային կարիքները հոգալու համար:

 «Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրի շրջանակներում, հաշվի առնելով Զաքարյանների ընտանիքի մոր՝ կարուձև անելու հմտություններն ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման գործում, Ucom Հիմնադամի կողմից նրան տրամադրվել են աշխատանքային գործիքներ և անհրաժեշտ պարագաներ՝ կարի մեքենա, մաքրակար անելու մեքենա, արդուկ, կտորեղեն և այլն: Իսկ Բալայանների ընտանիքի մորը տրամադրվել է կով, հորթ, անասնակեր, ապահովվել են տան նվազագույն սանիտարահիգիենիկ պայմանները, երեխաներին տրամադրվել է հագուստ և անկողնային պարագաներ: Այս ամենն ընտանիքներին կօգնի կայուն եկամուտ ապահովել ու բարելավել իրենց սոցիալ-տնտեսական վիճակը:

Երկու ընտանիքների մայրերն այժմ վստահ են, որ արդեն կկարողանան ապահովել իրենց զավակների առաջնային կարիքները և երեխաներին պահել տանը՝ ծնողական հոգածության ներքո:

«Այսօր եզրափակում ենք այս տարվա SMS-հանգանակությունների ընթացքը, որի միջոցով Ucom ընկերության բաժանորդներն օգնում էին կայուն եկամտի աղբյուր ստեղծել ծայրահեղ աղքատության մեջ հատնված ընտանիքների համար։ Ծրագրի իրականացման երեք տարիների ընթացքում 49 ընտանիք աջակցություն է ստացել SMS-ների միջոցով հավաքված ու Ucom-ի կողմից կրկնապատկված գումարի շրջանակներում», - ասել է Ucom ընկերության բրենդի զարգացման և հաղորդակցության բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը։

«Վորդ Վիժն Հայաստանի և Ucom Հիմնադրամի համատեղ ծրագրի շրջանակներում Զաքարյանների ընտանիքին տրամադրեցինք կարի ծառայություններ մատուցելու հնարավորություն, տիկին Անահիտին ներգրավեցինք տարբեր դասընթացներում ու օգնեցինք զարգացնել իր հմտությունները: Իսկ տիկին Վերոնիկայի ընտանիքին ոչ միայն նյութական օժանդակություն է տրամադրվել, այլև աջակցություն՝ Վորլդ Վիժնի կողմից կազմված ընտանիքի անհատական զարգացման պլանի հիման վրա: Երկու պարագայում էլ կայուն եկամտի աղբյուր ստեղծելով կանխարգելեցինք երեխաների՝ գիշերօթիկ հաստատությունում հայտնվելը», - ասել է Վորլդ Վիժն Հայաստանի մարկետինգի բաժնի ղեկավար Արտակ Օրդյանը։

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: