«Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրի շնորհիվ եվս մեկ ընտանիք կայուն եկամուտ ապահովելու հնարավորություն ունի
31/10/2016
Ucom Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի համատեղ ջանքերով իրականացվող «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական նախագծի շնորհիվ Ucom-ի բաժանորդներն այս ամիս ևս աջակցեցին մեկ ընտանիքի` կայուն եկամտի աղբյուր ստեղծելու գործում: Այս անգամ աջակցությունը տրամադրվել է Գեղարքունիքի մարզի գյուղական համայնքներից մեկում բնակվող չորս զավակների մայր՝ տիկին Էլմիրայի ընտանիքին:
Ընտանեկան խնդիրների պատճառով մայրը միայնակ է հոգում իր չորս զավակների կարիքները, որոնցից երկուսը դպրոցականներ են, իսկ 5-ամյա Գոռն ու 3-ամյա Հարութը մշտապես տանն են` համայնքում մանկապարտեզի բացակայության պատճառով։ Համայնքից մեկուսացած այս ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում՝ ապաստանել են համայնքի լքված մեկ-սենյականոց հողակերտ տներից մեկում, որի առանց այդ էլ խարխուլ տանիքը քամուց ավելի է վնասվել՝ ներս թողնելով անձրևաջուրը, և վթարային լինելու պատճառով վտանգավոր է դարձել բնակության համար։
Մայրը գումար աշխատելու համար երբեմն գնում է կարտոֆիլի դաշտեր աշխատելու, իսկ ընտանիքի միակ կանոնավոր եկամուտը 49 000 դրամ կազմող ընտանեկան նպաստն է, որով անհնար է հոգալ չորս երեխաների ամենաառաջնային կարիքներն անգամ։
«Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրի շրջանակներում, հաշվի առնելով անասնապահության և հողագործության դերն ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման գործում, Ucom Հիմնադամի կողմից տիկին Էլմիրային տրամադրվել է 50 հավ, կարտոֆիլի սերմնացու, լվացքի մեքենա, մահճակալներ, անկողնային պարագաներ, խոհանոցային պարագաներ, պահարան, տաք հագուստ։ Բացի այդ Վորլդ Վիժն Վարդենիս տարածքային ծրագրի կողմից ընտանիքին տրամադրվել է տնակ-վագոն։ Այս ամենը կօգնի սննդի հարցը որոշակի չափով լուծելու, ինչպես նաև՝ եկամուտ ապահովելու գործում:
Տիկին Էլմիրան վստահ է, որ այժմ արդեն կկարողանա ապահովել իր զավակների առաջնային կարիքները և երեխաներին պահել տանը՝ մայրական հոգածության ներքո:
«Ucom Հիմնադրամն ամեն ամիս կրկնապատկում է Ucom ընկերության բաժանորդների հանգանակած գումարը, ինչի շնորհիվ էլ հնարավոր է դառնում այս ծրագիրն իրականացնել մեր գործընկեր՝ Վորլդ Վիժնի օգնությամբ։ Նրանք են գտնում և աշխատում ծայրահեղ աղքատության մեջ հայտնված խիստ խոցելի ընտանիքների հետ, և մեր բաժանորդների շնորհիվ այս ընտանիքներն ստանում են առաջնային կարիքները հոգալու մինիմալ հնարավորություններ», - ասել է Ucom Հիմնադրամի գլխավոր տնօրեն Աշոտ Բարսեղյանը։
«Ucom Հիմնադրամի հետ միասին իրականացնում ենք մի այնպիսի ծրագիր, որը թույլ է տալիս ծայրահեղ աղքատության մեջ հայտնված ընտանիքների համար ստեղծել նվազագույն կարիքներն ապահովող պայմաններ և կայուն եկամտի հնարավորություն, որը թույլ է տալիս այդպիսի ընտանիքներին իրենց երեխաներին չուղարկել, կամ հետ վերադարձնել գիշերօթիկ հաստատություններից», - ասել է Վորլդ Վիժն Հայաստանի մարկետինգի բաժնի ղեկավար Արտակ Օրդյանը։