ՏԵՍՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ 2016. «ՈւԺԵՂ ԵՆՔ ՄԻԱՍՒՆ»
14/10/2016
14 հոկտեմբերի, 2016թ. – Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) եւ Ucom Հիմնադրամը Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպել էին Սպիտակի եւ Իջեւանի մի քանի դպրոցների բարձր դասարանցիների այցելություններ Հայկական ակնաբուժության նախագծի հիմնած մարզային ակնաբուժական կենտրոններ, որտեղ դպրոցականները ծանոթացան ակնաբուժական սարքավորումներին, դրանց հետ աշխատանքի կանոններին, ինչպես նաեւ ակնաբույժի մասնագիտության նրբություններին: Ակնաբուժական կենտրոններում շրջայցից հետո աշակերտները մասնակցեցին բաց դասի, իսկ վերջում նրանց համար կազմակերպվեց առցանց մրցույթ՝ ձեռք բերած գիտելիքները ստուգելու նպատակով:
Նման բաց դասեր անցկացվեցին նաեւ Հանրապետության տարբեր մարզերում եւ Երեւանում՝ նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը սեւեռել տեսողական խնդիրների եւ դրանց կանխարգելման եւ բուժման վրա: «Ուժեղ ենք միասին» կարգախոսի ներքո Երեւանի եւ մարզերի տարբեր դպրոցներում, ինչպես նաեւ Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում եւ Օրրան բարեգործական հասարակական կազմակերպությունում անցկացվեցին բաց դասեր, որոնց շնորհիվ երեխաները ծանոթացան աչքի կառուցվածքին, խնամքին, տեսողության անվտանգության կանոններին եւ այն մթերքներին, որոնք օգտակար են տեսողության համար:
«ՀԱՆ-ը Տեսողության համաշխարհային օրը նշում է 2004թ.-ից սկսած: Այս տարիների ընթացքում Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ ՀԱՆ-ը հանդես է եկել տարատեսակ միջոցառումներով` ցուցահանդեսներ, բարեգործական համերգներ, հրատարակությունների շնորհանդեսներ, ներառական ծրագրեր, ֆլեշ մոբ եւ այլն: Այս տարի հիմնական ուշադրությունը կենտրոնացրեցինք դպրոցահասակների վրա՝ կարեւորելով հանրային կրթությունը եւ երեխաների տեղեկացվածության բարձրացումը: Այս իսկ պատճառով կազմակերպեցինք այս այցելությունը մեր հիմնած կենտրոններ, որտեղ բարձր դասարանցիները կարողացան ծանոթանալ ակնաբույժի աշխատանքին, անգամ՝ մասնակցություն ունենալ այդ գործին», - ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
«Այսօր Սպիտակի և Իջևանի ակնաբուժական կենտրոններին տրամադրվեց Ucom-ի շարժական ինտերնետ կապի հնարավորություն, որն ավելի կարագանա մարզերում 4G+ ցանցի ներդրումից հետո: Գերարագ հեռահաղորդակցությունն այսօր առավել կարևոր է հեռահար վիրաբուժության ներդրման համար, որը թույլ կտա վիրահատություններ իրականացնել ռոբոտիկ սարքավորումների օգնությամբ՝ գտնվելով այլ երկրում կամ մայրցամաքում: Ucom ընկերությունը քաջ գիտակցում է այս մարտահրավերը», - ասել է Ucom հիմնադրամի տնօրեն՝ Աշոտ Բարսեղյանը:
Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ ամբողջ աշխարհում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ: Դրա հետ միասին տարածվում է համաշխարհային մակարդակով ակնային խնդիրների մասին տեղեկատվություն: Ըստ ԱՄԿ տվյալերի, աշխարհի բնակչության շուրջ 4 տոկոսը՝ 285 մլն մարդ ունի տեսողության խաթարում, որից 39 մլն-ը կույր է /0.6 տոկոսը/, իսկ եւս 246 մլն-ն ունի ծայրահեղ թույլ տեսողություն: Տեսողության խաթարմամբ բնակչության 90 տոկոսը կենտրոնացած է զարգացող, ցածր եկամուտ ունեցող երկրներում: Այնուամենայնիվ, տեսողության խաթարման դեպքերի շուրջ 80 տոկոսը հաղթահարելի է, այսինքն դրանք հնարավոր է բուժել կամ կանխարգելել: Տեսողության խաթարման հիմնական ամենատարածված պատճառներն աշխարհում հետեւյալն են՝ տեսողության ճշգրտման բացակայություն (ակնոցներ), կատարակտ եւ գլաուկոմա: Իսկ կուրության պարագայում դրանք են՝ կատարակտը, գլաուկոման եւ տարիքային մակուլյար դեգեներացիան: Կատարակտով է պայմանավորված տեսողության խաթարման դեպքերի 33, իսկ կուրության դեպքերի՝ 51 տոկոսը: Տեսողության խաթարում ունեցողների 65, իսկ կույրերի՝ 82 տոկոսը 50 եւ ավելի տարեկան է: Հետեւաբար, ծերացող հասարակություններում կուրության կանխարգելումն ու բուժումն էլ ավելի են կարեւորվում:
ՀԱՆ-ը 2003թ-ից ի վեր ակնաբուժական հետազոտություններ եւ բուժումներ է իրականացնում ՀՀ մարզերի բնակչության շրջանում: Ըստ Հայկական ակնաբուժության նախագծի իրականացրած հետազոտության՝ Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և ավելի տարեկան բնակչության շրջանում: Տարիքային այս խմբում տեսողության խաթարման տարածվածությունը 1.8 անգամ ավելի բարձր է՝ քան ընդհանուր առմամբ մեծահասակների շրջանում և կազմում է 8.4%, կատարակտի տարածվածությունը` 27%, մակուլյար դեգեներացիայինը՝ 6.5%, գլաուկոմայինը՝ 3.4%, դիաբետիկ ռետինոպատիայինը՝ 4.4%: Հայաստանի մեծահասակ բնակչության (16+ տարեկան) շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն, այսինքն` ունի խոցելի ակնային առողջություն: 50 և ավելի տարեկանների շրջանում խոցելի ակնային առողջություն ունեցողների ներկայացվածությունը գրեթե 3 անգամ ավելին է և կազմում է 37%: 50-ից հետո խոցելի ակնային առողջություն ամենացածր հավանականությունն ունեն 50-54 տարեկանները (23.8%): Դրանից հետո կյանքի յուրաքանչյուր լրացուցիչ 5 տարին ավելացնում է խոցելի ակնային առողջություն հավանականությունը 9%-ով: