«Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրի շնորհիվ ևս մեկ ընտանիք կայուն եկամուտ ապահովելու հնարավորություն ունի

«Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրի շնորհիվ ևս մեկ ընտանիք կայուն եկամուտ ապահովելու հնարավորություն ունի

29/06/2016

Ucom Հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի միասնական ջանքերով իրականացվող «Պահենք երեխաներին ընտանիքում» բարեգործական նախագծի շնորհիվ Ucom-ի բաժանորդներն այս ամիս ևս մեկ ընտանիքի աջակցեցին կայուն եկամուտի աղբյուր ստեղծելու գործում: Այս անգամ աջակցությունը տրամադրվել է Տավուշի մարզում բնակվող չորս զավակների ծնողներ՝ Վարդանի և Ալինայի ընտանիքին:

Վարդանը բավականին հմուտ վարսավիր է, պարզապես հարևան թաղամասում բացված նոր ու ժամանակակից վարսավիրանոցը մրցակցություն է ստեղծել: Վարդանը վստահ է, որ եթե հնարավորություն ստեղծվի վերազինելու իր վարսավիրանոցը, ապա նա կշարունակի ունենալ մշտական հաճախորդներ և կայուն եկամուտ: Փոքրիկ փայտերից ու թիթեղից պատրաստված ինքնաշեն վարսավիրանոցի վարպետի ընտանիքի ապրուստի միջոց են հանդիսանում ընտանեկան նպաստը և հաշմանդամության թոշակը, որոնք միասին կազմում են 50 000 դրամ: Ընտանեկան բյուջեի կեսից ավելին ծախսվում է նրա դստրերից մեկի առողջական խնդիրները լուծելու համար: Այդ առողջական խնդիրների հետևանքով է, որ երեխան դարձել է ինքնամփոփ ու քիչ է շփվում հասակակիցների հետ: Մնացած գումարը բավարար չէ, որպեսզի Վարդանն ու Ալինան հնարավորություն ունենան հոգալու իրենց բոլոր երեխաների նույնիսկ հիմնական կարիքները: Տունը, որտեղ ապրում է ընտանիքը, ոչ բարվոք վիճակում է. անձրևներից տանիքը կաթկթում է և փլուզման վտանգի տակ է:  

«Պահենք երեխաներին ընտանիքում» ծրագրի շրջանակներում, հաշվի առնելով Վարդանի վարսավիրական հմտությունները, նրան տրամադրվել է մասնագիտական գույք և գործիքներ՝ վարսավիրական արհեստանոցը վերանորոգելու համար, ինչպես նաև շինանյութ՝ իրենց տան տանիքի վերանորոգման համար:

Ընտանիքի ծնողները վստահ են, որ այժմ արդեն կկարողանան ապահովել իրենց չորս զավակների առաջնային կարիքները և պահպանել ընտանիքի միասնականությունը:

«Մենք անչափ շնորհակալ ենք Ucom-ի բաժանորդներին, ովքեր յուրաքանչյուր ամիս մասնակցելով SMS-բարեգործությանը, հնարավորություն են ընձեռում ծայրահեղ աղքատության մեջ ապրող ևս մի ընտանիքի ունենալ կայուն եկամուտի աղբյուր ու նրանց զավակներին պարգևել այդքան կարևոր ու այդքան անհրաժեշտ ընտանեկան ջերմությունը», - ասել է Ucom Հիմնադրամի տնօրեն՝ Աշոտ Բարսեղյանը:

«Մենք կարևորում ենք այն, որ երեխաները իրենց ընտանիքներում վայելեն իրենց ծնողների խնամքն ու հոգածությունը, իսկ ծնողները կարողանան բարելավել իրենց երեխաների կենսապայմանները ու իրենց ուժերով ստեղծեն ավելի լավ ապագա», - ասել է Վորլդ Վիժն Հայաստանի Ծրագրերի Տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: