Ավելի քան 2500 հոգի արդեն ստացել են անվճար ակնաբուժական ծառայություններ

Ավելի քան 2500 հոգի արդեն ստացել են անվճար ակնաբուժական ծառայություններ

10/05/2016

10 մայիսի, 2016 - Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Ucom ընկերության համագործակցությամբ Արարատի մարզում ավարտին են մոտենում ակնաբուժական անվճար ծառայություններ մատուցելու աշխատանքները: «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում Արարատի մարզի Արտաշատի և Մասիսի տարածաշրջանում իրականացվել են ակնային զննումներ, Աչքի շարժական հիվանդանոցում խորացված հետազոտություններ, լազերային միջամտություն և վիրահատություններ: Այժմ Աչքի շարժական հիվանդանոցն աշխատում է Արարատ քաղաքում:

Ծրագրի շրջանակներում Արարատի մարզի Մասիսի և Արտաշատի տարածաշրջաններում տեսողության ստուգում է անցել ավելի քան 2500 հոգի, որոնցից շուրջ 630-ը Աչքի շարժական հիվանդանոցում խորացված հետազոտության է ենթարկվել, 230 հոգի վիրահատվել է և շուրջ 60 հոգի ստացել է լազերային բուժում: Արարատի մարզում աշխատանքները կշարունակվեն մինչև այս ամսվա վերջ, որից հետո ծրագիրը կշարունակվի Վայոց Ձորում:

«Ծրագրի արդյունավետության մասին կարելի է դատել այն գոհունակությունից, որ արտահայտում են մեր շահառուները: Այս համագործակցության շնորհիվ կարողանում ենք շատերին օգնել: Այստեղ սոցիալապես անապահով մարդիկ են, մեծ ընտանիքների ծնողներ, Սիրիայից Հայաստան տեղափոխված հայրենակիցներ, մարդիկ, ովքեր չէին կարող իրենց հոգսը հոգալ, եթե չլիներ այս օգնությունը», - մարզային այցելության ժամանակ ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

«Որպես ընկերություն և որպես հայ մարդ մենք միշտ պատրաստ ենք աջակից լինել նման կարևոր գործին: Կարծում եմ սա ազգանվեր գործ է: Սա շատ լուսավոր նախագիծ է, որ ներշնչում է հույս ու հավատ: Այս նախագիծն ունի ճիշտ անվանում՝ «Լույս հայի աչքերին»: Սակայն սա դեռ սկիզբն է, դեռ առջևում են ևս մի քանի մարզեր, դեռ բազմաթիվ մարդիկ կվերգտնեն իրենց աչքի լույսը», - ասաց Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

14 երեխաների մայր Ասյա Կիրակոսյանը, որ 1988-ի Բաքվի ջարդերից է փախել, արդեն երկար տարիներ ապրում է Արարատի մարզի Դեղձուտ գյուղում: Տիկին Ասյան 25 թոռ ունի, 10 ծոռ, սակայն սոցիալական պայմանները դժվար են: «Գոնե քայլելիս չեմ ընկնի, մարդկանց կճանաչեմ», - ասաց նա, ով վիրահատության հաջորդ օրն արդեն հավաստիացրեց, որ դրական տարբերություն է տեսնում:

Մեկ այլ հիվանդ՝ սիրիահայ Օսաննա Գյուլդարյանը, Հայաստանում է արդեն 9 ամիս: «Մինչ Հայաստան գալը չգիտեի, որ կատարակտ ունեմ, այստեղ բժիշկներն ասացին՝ վիրահատություն է անհրաժեշտ: Վախենում էի, սակայն ամեն ինչ լավ անցավ», - ասաց 60-ամյա կինը, ով երկար տարիներ դերձակ է աշխատել, սակայն տեսողության խնդիրների պատճառով ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը:

Արարատի մարզում աշխատանքները կշարունակվեն մինչև մայիսի վերջ, որից հետո ծրագիրը կշարունակվի Վայոց Ձորում:

Բարի գալուստ Ucom առցանց օգնություն:

Մուտքագրեք Ձեր տվյալներն, ընտրեք զրույցի թեման և մենք կփորձենք օգնել Ձեզ: