Ucom Took Part in BIF2018
03/12/2018
Օրերս Դիլիջանում կայացել է 6-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն երկօրյա ֆորումը՝ «Հայաստանի արդիականացման ճանապարհին» խորագրի ներքո:
Բիզնես ինովացիոն երկօրյա ֆորումին մասնակցել են Հայաստանի տնտեսության, գիտակրթական, առաջատար տեխնոլոգիական ոլորտի ընկերություններ և կառավարության ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ։
Բիզնես ինովացիոն ֆորումի մասնակից՝ Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշել է. «Այս տարվա Բիզնես Ինովացիոն ֆորումի ընթացքում Ucom ընկերությանը հատկապես հետաքրքրում են 3 առաջնային և ռազմավարական նշանակության թեմաներ։ Մասնավորապես՝ կրթությունը, քանի որ որպես խոշոր գործատու խնդիր ունենք որակյալ կադրերի ներգրավման և առկա կադրերի որակական չափանիշների բարձրացման կրթվելու միջոցով։ Երկրորդ ուղղությունը կիբեր անվտանգությունն է, որտեղ մեր ընկերությունն առաջատարի դիրքերում է թե՛ առկա թիմի, և թե՛ համապատասխան տեխնիկական վերազինման շնորհիվ։ Երրորդ ուղղությունն ինովացիաներն են, որոնք ընկած են լինելու ապագա հեռահաղորդակցման հիմքում։ Մեր գործընկերների հետ այստեղ ծանոթանում ենք այն ռազմավարական ուղղություններին, որոնցով զարգանում է աշխարհը, կիսվում ենք գիտելիքներով, քննարկում ենք խնդիրներ, որոնք ոչ միայն լոկալ այլ համաշխարհային մակարդակի են և միասնական ուժերով պետք է ճանապարհներ գտնենք այսօրվա լուծումների արդիականացման համար, որոնք ավելի անվտանգ պետք է լինեն մեր բաժանորդների և ցանցի համար»:
Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է՝ այս տարի ֆորումն առանձնացավ պետության ակտիվ մասնակցությամբ: ֆորումին մասնակցել է ՀՀ Տրանսպորտի կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ով ներկայացրել է Կառավարության կողմից մշակված Հայաստանի Նորարարության և Առաջատար տեխնոլոգիական ոլորտի զարգացման ազգային ռազմավարությունը:
Բիզնես ինովացիոն ֆորումին ներկա է եղել նաեւ Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը։ ԱԱԾ-ի՝ ի դեմս ծառայության պետ Արթուր Վանեցյանի և ԱՏՁՄ-ի՝ ի դեմս գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի միջև ստորագրվել է «Հայաստանի կիբեր անվտանգությունն ապահովելու ոլորտում» համագործակցության մասին հուշագիր: Կողմերը կներդնեն իրենց փորձառությունը ՀՀ կիբեր անվտանգության ոլորտում խնդիրների բացահայտման ու լուծումներ մշակելու, պատերազմական դրության ժամանակ անխափան համագործակցելու եւ ազգային անվտանգություն ապահովելու նպատակով:
Բիզնես ինովացիոն ֆորումն իրականացվում է 2013 թվականից ԱՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Արդեն 3 տարի շարունակ Բիզնես Ինովացիոն ֆորումի գլխավոր գործընկերն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը: