«ԼՈՒՅՍ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՇՆՈՐՀԻՎ ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐԻ ՇՈՒՐՋ 8.000 ԲՆԱԿԻՉ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԱՆՎՃԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ

«ԼՈՒՅՍ ՀԱՅԻ ԱՉՔԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՇՆՈՐՀԻՎ ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐԻ ՇՈՒՐՋ 8.000 ԲՆԱԿԻՉ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԱՆՎՃԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ

13/12/2017

Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և «Ucom» Հիմնադրամի համագործակցությամբ արդեն երկրորդ տարին է, ինչ մարզերի բնակիչներն ակնաբուժական անվճար ծառայություններ են ստանում: Այս տարվա աշխատանքները մոտենում են ավարտին. Շիրակի մարզում իրականացվել են ակնային զննումներ ինչպես լայն բնակչության, այնպես էլ դպրոցականների շրջանում, դպրոցներում անցկացվել են հանրային կրթության դասեր, այժմ Գյումրիում կայանած Աչքի շարժական հիվանդանոցում իրականացվում են խորացված հետազոտություններ, լազերային միջամտություններ, վիրահատություններ, շաքարային դիաբետով հիվանդների ակնային զննումներ եւ լազերային բուժում:

Աշխատանքներին ծանոթանալու նպատակով Շիրակի մարզ այցելեցին Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը եւ «Ucom» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

«Շիրակի մարզում «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում 3.400-ից ավելի մարդ ակնային զննում է անցել, Աչքի շարժական հիվանդանոցը կայանել է Արթիկում, Մարալիկում եւ Գյումրիում, որի արդյունքում շուրջ 1.500 բնակիչ խորացված հետազոտություն է անցել, կատարվել է շուրջ 600 վիրահատություն եւ 200 լազերային միջամտություն: Այս տարի առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել շաքարային դիաբետ ունեցողներին: Աչքի խնամքի վերաբերյալ բաց դասեր եւ ակնային զննումներ ենք անցկացրել նաեւ մարզի դպրոցներում: Ուրախ եմ արձանագրել, որ այս տարի եւս «Ucom» Հիմնադրամի համագործակցությամբ մեր աշխատանքի արդյունքում հազարավոր մարդիկ վերագտան իրենց աչքի լույսը», - ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

«Այս նախագծի կարևորագույն ձեռբերումներից է հազարավոր մարդկանց տեսողության անվճար վերականգնումը: Ուրախալի է, որ այս տարի ևս  մենք կարողացանք աջակցել հատկապես այն մարդկանց, ովքեր սոցիալական բարդ պայմաններում են ապրում ու նույնիսկ չեն երազում վերականգնել իրենց աչքի լույսը: Ժանակակից տեխնոլոգիաները հիմա առավել, քան երբևէ օգնում են ոչ միայն ճշգրիտ ախտորոշում անել, վիրահատել ու հետևել կազդուրման գործընթացին, այլև վաղ տարիքից տեղեկացված լինել աչքի առողջության պահպանման կանոններին», - ասաց «Ucom» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:

2017թ. ընթացքում «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում Կոտայքի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում 8.000-ից ավելի մարդ ակնային զննում է անցել, շուրջ 3.700-ը՝ խորացված հետազոտություն Աչքի շարժական հիվանդանոցում, կատարվել է շուրջ 1.350 վիրահատություն եւ 470 լազերային միջամտություն, պատրաստվել է բարձր դիոպտրիայի շուրջ 400 ակնոց: 2018թ. սկզբին ծրագիրը կշարունակվի Արագածոտնի մարզում:

Welcome to Ucom live chat!

Enter your information and choose the conversation topic to see how we can help You.